Որտեղ ոսկին է, այնտեղ Բրիտանիան է, համաշխարհային փողն ու ստորությունը։ Հոկտեմբերի 17-ին Ազատության հրապարակում կայացած ազատամարտիկների հանրահավաքում իր ելույթն այսպես սկսեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ հիշեցնելով, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը Հայաստան էր եկել Ամուլսարի ոսկու հանք այցելելու համար։
Մանուչարյանի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն այսօր փողի ստրուկ են դարձել։ «Սպարտակն էլ էր ստրուկ, բայց նա մարդկանց մոտ էր ստրուկ, եւ կարող էր ապստամբել մարդկանց դեմ»,- ասաց Մանուչարյանը՝ նշելով, որ «առաջին անգամ է, երբ մարդ ստրուկ է փողի մոտ». «Փողը նրանց ստիպեց մարտի 1-ին գնդակահարել մարդկանց, վաճառել Հայաստանը, հիմա էլ վաճառում են Ղարաբաղը: Փողի մոլուցքից ուղեղը կորցրած մարդը ուր է հասել, որ բանաձև է առաջարկում` Արցախը՝ Ռուսաստանին, Հայաստանը՝ Արևմուտքին. միգուցե մի քիչ էլ յոլա տանեն մեզ, որ մի քիչ էլ շարունակենք փողը սարքելը»։
Մանուչարյանը կոչ արեց անհապաղ մոբիլիզացնել Հայաստանը եւ «խաժամուժից ազատել երկիրը»՝ ընդգծելով, որ հարկավոր է ոչ թե երկրից վտարել կամ բանտ նստեցնել «փողին կուլ գնացածներին», այլ ազատել նրանց «խելագարության պատճառից», քանի որ «նրանք էլ մեր մարդիկ են, ովքեր այսօր ավիրված են»։











