«Անտեսելով ժողովրդին, նաեւ վախենալով նրանից՝ իշխանությունները որպես վստահելի գործընկեր ընտրեցին ոչ թե հարազատ ազգը, այլ դրսի ուժերին՝ մտնելով նրանց հետ առքուվաճառքի, պարտք ու պահանջի հարաբերությունների մեջ»,- Ազատության հրապարակում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց ազատամարտիկ, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը՝ խոսելով գրող, հրապարակախոս Զորի Բալայանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի մասին։

 «Այդ ինչ հրեշավոր աղետ է տեղի ունեցել, որ իշխանությանը մոտիկ կանգնած մի մտավորական, արքունիքի լիիրավ անդամ, ղարաբաղյան կլանի ինտելեկտուալ ներկայացուցիչ մեկ էլ բացահայտորեն ցուցաբերում է պարտվողական մոտեցում ղարաբաղյան հիմնահարցում»,- ասաց  ազատամարտիկը՝ նշելով, որ սա վկայությունն է այն բանի, որ «ժողովրդից օտարացած իշխանությունները երկիրը հասցրել են կործանման եզրին, եւ որ երկիրը վտանգված է». «Փտած արժեհամակարգը անխուսափելիորեն բերելու է պարտության, այդ թվում՝ արտաքին թատերաբեմում»։