Հայաստանի իշխանությունների խորը համոզմունքն է, որ պետք է շարունակել խորը համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Վիլնյուսում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին:

Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է, թե Եվրոպային, թե Հայաստանին, քանի որ այդ համագործակցության արդյունքում Հայաստանը դարձել է ավելի ժողովրդավար: «Հիմա Վիլնյուսում դա կարող է լինել հռչակագիր, հայտարարություն, ասոցացման համաձայնագիր, քաղաքական մաս, թե այլ տարբերակ. էականն այն է, որ կողմերը  պատրաստակամություն ունենան շարունակելու երկխոսությունը: Ես լավատես եմ եւ կարծում եմ, որ միասին պետք է իրականացնենք քայլեր՝ Հայաստանը  ավելի ժողովրդավարական դարձնելու ուղղությամբ»,-ասաց նա:

Հարցին, թե Հայաստանի նախագահը մեկնելո՞ւ է Վիլնյուս, Շարմազանովը պատասխանեց, որ ժամանակը կգա նախագահի մամուլի ծառայությունը պաշտոնական պատասխան կտա: