Հոկտեմբերի 18-ին Ազատության հրապարակում նստացույց եւ հանրահավաքներ անող ազատամարտիկների հրավերով տեղի կունենա կլոր սեղան - քննարկում, որի ժամանակ Հայաստանի ներկա վիճակի իրենց գնահատականները զեկույցով կներկայացնեն քաղաքական հիմնական ուժերի՝ «ՀԱԿ»-ի, «Ժառանգության» «Բարգավաճ Հայաստանի» եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչները։ ՀՅԴ-ին հրավեր նույնպես ուղարկել են, բայց հստակ պատասխան դեռ չեն ստացել։

Ազատամարտիկ, հրապարակախոս, լրագրող Սուրեն Սարգսյանը հոկտեմբերի 17-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ իր հրապարակած կուսակցությունների ցանկը վերջնական չէ, քննարկումը փակ չէ, եւ ցանկացողները կարող են միանալ։

«Բոլոր այն կուսակցությունները, որոնք իրոք կուսակցություն են, ում ամոթ չէ մոտենալ, ինչպես Արտաշես Գեղամյանի կամ Արթուր Բաղդասարյանի կուսակցությանը, մենք սիրով հրավիրում են մասնակցելու եթե ոչ վաղվա, ապա ապագա կլոր սեղաններին։ Բոլոր կցորդներին չենք հրավիրում, մուտանտ կուսակցություններին չենք հրավիրում»։