Ցմահ դատապարտյալները 22 տարիների ընթացքում չեն ներգրավվել համաներման մասին ակտերում, նրանց նկատմամբ չի գործում ռեժիմների փոփոխությունը, պայմանական վաղաժամկետ ազատումը, չեն ստանում հոգեբանական աջակցություն: Ցմահ դատապարտյալների վերաբերյալ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պահանջով այսօր` հոկտեմբերի 18-ին, Մաշտոցի պուրակում ստորագրահավաք էր կազմակերպել Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական կազմակերպությունը։
Կազմակերպությունը նաև դիմել է Քրեական օրենսգրքի նոր նախագիծը մշակող խմբին՝ 18-21 տարեկան քաղաքացիների նկատմամբ պատժի առավելագույն չափը` ցմահ դատապարտումը վերացնելու առաջարկությամբ: Եվրոպական երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Ավստրիան, Շվեդիան, մինչև 21 տարեկաններին ցմահ չեն դատապարտում։
«Հայաստանում 104 ցմահ դատապարտված կա, որոնց մեջ կան մարդիկ, որոնք դատապարտվել են 18-21 տարեկան հասակում: Կարելի է անդրադարձ կատարել այդ տարիքային խմբում մեկ անձի սպանության մեղադրանքով առաջին անգամ դատապարտվածների ճակատագրերին, և ցմահ ազատազրկումը փոխարինել 20 տարվա ազատազրկման պատժաչափով»,- ասաց կազմակերպության անդամ Զարուհի Մեջլումյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Ըստ Զարուհու՝ քրեակատարողական հիմնարկներում պետք է այնքան աշխատանք կատարվի, որ հասարակություն վերադառնա ադեկվատ մարդ, ոչ թե այնպիսին, որն այնտեղ կրած յուրաքանչյուր զրկանքի համար պատրաստ է ամեն մեկին ամեն օր վնաս հասցնել:
Ակցիայի շրջանակում նաև վաճառվում էր ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի «Զուգահեռ աշխարհում» վերնագրով գիրքը: Սլավոնական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Մհերը, չունենալով աշխատելու հնարավորություն, գրքի վաճառքից ստացած գումարով է վճարում իր ուսման վարձը: Պուրակում ցուցադրված էին նրա և մեկ այլ ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի գեղանկարների լուսանկարները։
Այս ակցիայով կազմակերպությունը նաեւ ցանկանում էր ցույց տալ, որ քանի դեռ քրեակատարողական հիմնարկներում չեն անցկացվում մշակութային միջոցառումներ, իրենք անձամբ դատապարտյալների աշխատանքները դուրս կբերեն և ցույց կտան հասարակությանը:











