Զորի Բալայանի նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խիստ բացասական է, սակայն խուճապի մատնվելու կարիք չկա: NEWS.am-ին այս մասին ասաց Շուշիի հատուկ նշանակության ջոկատի հատուկ գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանում և Արցախում առկա է նոր սերունդ, որը ժպիտով է ընդունում «այդպիսի զառամյալ մտքերը»։
«Ստրկամիտ գործչի արարք է, և պատահական չէ, որ մենք երկար տարիներ ասում ենք, որ որ քաղաքական սերնդափոխության ժամանակը հասունացել է: Այսպիսի երևույթների պատճառով է, որ գիտակցում ենք, թե ովքեր են կառավարել երկիրը 20 տարի»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը։
Սեֆիլյանի խոսքով՝ Զորի Բալայանի նամակը սեպտեմբերի 3-ի շարունակության տրամաբանության մեջ պետք է դիտել։ «Կա իմիտացիա Հայաստանի Հանրապետությունը ի չիք դարձնելու: Ասում եմ՝ իմիտացիա, որովհետև համոզված եմ, որ և' Մաքսային Միությունը, և' Եվրասիական Միությունը մնալու են թղթի վրա, դրանք կյանքի չեն կոչվելու»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը՝ վստահություն հայտնելով, որ ի վերջո ամեն ինչ հստականալու է՝ «ովքեր են կարկառուն ստրկամիտ գործիչները և թացը չորից կամաց կամաց մաքրվելու է»։
«Վերջապես կգա մի պահ և կձևավորվի առաջնորդների մի նոր խումբ, որը երկրի ղեկը կվերցնի իր ձեռքը»,- ասաց Սեֆիլյանը։











