Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի տարբեր շրջաններում 1500-ից ավելի հրշեջներ պայքարում են կրակի դեմ։ Այնտեղ վերջին տվյալներով շարունակում են մոլեգնել 68 հրդեհներ, որոնցից 22-ը տեղայնացնել չի հաջողվում։

Տապ եւ ուժեղ քամի կանխատեսող եղանակի տեսությունը հաշվի առնելով՝ արտակարգ իրավիճակների ծառայությունները դրությունն անվանում են «պատմության մեջ, թերեւս, ամենածանրը», հաղորդում է NEWSru.com-ը:

Կրակն արդեն ոչնչացրել է 100000 հա անտառային զանգված: Կրակից ամենաշատը տուժել են Սիդնեյից արեւմուտք գտնվող բնակավայրերը: Ըստ նախնական տեղեկության՝ անցած օրերին կրակն ամբողջությամբ ոչնչացրել է 193 տուն, 109 տուն էլ մասնակի այրվել է:

Զանգվածային հրդեհների պատճառն, ամենայն հավանականությամբ, շաբաթվա սկզբում Մարանգարու ռազմակայանում զորավարժությունների ժամանակ  հնչած պայթյուններն են եղել: Ըստ Ավստրալիայի պաշտպանության նախարարության՝ այժմ քննություն է կատարվում:

Հոկտեմբերի 18-ին իշխանությունները հայտնել էին աղետի առաջին զոհի մասին՝ 63-ամյա մի տղամարդ, որը փորձել էր ինքնուրույն պաշտպանել իր տունը կրակից Լեյկ Մանմոր քաղաքում: Նա վախճանվել էր սրտի կաթվածից: