«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներին հոկտեմբերի 19-ին Բագրատունյաց փողոցի «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ հավաքված Սամվել Ալեքսանյանի պաշտպանների «ջոկատը» դիմավորեց ավանդական «բոմժեր, թուրքեր, գրանտակերներ, ծախվածներ» գոռգոռոցներով, իսկ հարակից շենքերից ակտիվիստների ուղղությամբ նետեցին տոպրակներով հավկիթներ։
Հոկտեմբերի 9-ից բողոքի ամենօրյա երթեր անցկացնող ակտիվիստներն այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանից ոտքով գնացին «Երևան Սիթի»: Մինչեւ նրանց գալը Սամվել Ալեքսանյանին սատարող խումբն արդեն այնտեղ էր: Սկզբում քաղաքացիական ակտիվիստները կանգնած էին «Սիթիի» աջ կողմում, սակայն երբ սկսեցին ձվեր նետել նրանց ուղղությամբ, ստիպված անցան դիմացի մայթ ու այնտեղ շարունակեցին ակցիան:











