Հոկտեմբերի 19-ին Բագրատունյաց փողոցի «Երեւան սիթիի» մոտ իրենց վրա հարակից շենքի բնակարանների պատշգամբներից նետված ձվերը, քաղաքացիական ակտիվիստների համոզմամբ, ոչ թե բնակիչների, այլ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մարդկանց ձեռքի գործն է։

«Ոստիկանները մեր ճանապարհը փակել էին։ Դիմացի մայթին Սամվել Ալեքսանյանի կարմիր գլխարկավորներն էին կանգնած։ Մենք էլ կանգնեցին շենքի բալկոնների տակ։ Եվ այդ ընթացքում երկրորդ կամ երրորդ հարկից մեր վրա ձվեր նետեցին»,- NEWS.am-ին պատմեց «Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը։

Գեւորգ Սաֆարյանն էլ ասաց, որ կատարվածը ցույց է տալիս, որ Ալեքսանյանի մարդկանց ձեռքերն ազատ են ու «հաջորդ անգամ ձվի փոխարեն նռակ կարող են նետել»։

«Եթե տասնյակ ոստիկանների ներկայությամբ կարողանում են ձու շպրտել, սա ցույց է տալիս, որ նրանց ձեռքերն ազատ են, եւ նրանք չեն մտահոգվում, որ կարող են պատժվել դրա համար։ Ակնհայտ է, որ նրանց մեջքին օլիգարխ է կանգնած, որը փաստացի մեր երկրում ամբողջ պետությունից հզոր է, այդ թվում՝ ոստիկանությունից։ Ուրեմն իր մանկլավիկները վախենալու բան չունեն»,- NEWS.am-ին ասաց ակտիվիստը։