Լոնդոնի Սենտ Ջեյմս պալատի թագավորական մատուռում կայացել է բրիտանական գահաժառանգ Քեմբրիջի արքայազն Ջորջի մկրտությունը:

Մասնակցել են Քեմբրիջի դուքսի եւ դքսուհու ամենամտերիմ ընկերներն ու ազգականները: Ամենավերջինը պալատ է ժամանել Ջորջի նախատատը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը՝ ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին եկեղեցու մուտքի մոտ ողջունել են արքայական զույգին եւ արքայազն Չարլզին ու Քորնուոլի դքսուհի Կամիլային:

Ավանդական ժանյակավոր հագուստով երեք ամսական Ջորջը նույնպես ողջունել է  թագուհուն՝ թափահարելով  ձեռքը: Նրա հանգստությունն ու թմբլիկ այտերը հիացրել են պալատի մոտ հերթապահող թղթակիցներին:

Քեյթն ու Ուիլյամը յոթ կնքահայրեր ու կնքամայրեր են ընտրել, որոնցից միայն մեկը՝ Ուիլյամի զարմուհի Զառա Ֆիլիփսն էր թագավորական ընտանիքից, մյուսները դուքսի եւ դքսուհու ընկերներն էին:

Մկրտությունը կատարել է Քենթերբերի արքեպիսկոպոսը: