Մարդիկ տարբեր խնդիրներ են իրենց առջեւ դնում, եւ եթե խնդիր է դրված շատ արագ ճանաչված դառնալ, ապա տարբեր միջոցներ կան, բայց միայն ճանաչված լինելը շատ քիչ է, պետք է նաեւ հարգված եւ սիրված լինել, իսկ դա երկարատեւ աշխատանքի շնորհիվ է լինում։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ մեկնաբանելով «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանի քաղաքականություն մտնելու փորձը։

Ըստ Կ. Աճեմյանի, քաղաքական գործիչ դառնալուց առաջ կինը պետք է անցնի քաղաքական ուղի. «Միայն կրթական ցենզը բավարար չէ, այլ հատկություններ են պետք պատգամավոր դառնալու համար։  Մենք ականատես ենք լինում դեպքերի, որոնք այդքան էլ հաճելի չեն հասարակության համար։ Դեմ եմ, երբ քաղաքական գործիչը զբաղված է միայն պոպուլիզմով կամ PR-ով, դա շատ շուտ ակնհայտ է դառնում։ Բացարձակապես հաճելի չէ, երբ մարդիկ այդպես են վերաբերվում կնոջը, ես ինքս կին եմ, եւ շատ բացասական վերաբերմունք ունեմ այդպիսի դեպքերի հետ կապված։ Եթե խնդիր ես դրել շատ ճանաչված լինել, ապա դա շատ հեշտ կարելի է լուծել»։

Հարցին, թե Ա. Զախարյանի բարձրացրած հարցն արդիական է հայ հասարակության համար, Կ. Աճեմյանը նշեց. «Քանի որ այդ կնոջը մենք գիտենք, որովհետեւ նախկինում նա Ազգային Ժողով էլ է եկել, շփվել ենք, կարծում եմ, որ նա պարզապես իր առջեւ ինչ-որ խնդիր է դրել, որը կապ չունի քաղաքական գործունեության հետ, ոչ մի կապ չունի որեւէ լուրջ գործունեության հետ»։

Կ. Աճեմյանը բացառեց, որ Ա. Զախարյանը կրկին կհամալրի ՀՀԿ-ականների շարքերը. «Ոչ, մենք իրեն հեռացրել ենք մեր կուսակցությունից։ Հեռացվել է, որովետեւ իր պահվածքը... Ըստ երեւույթին, այն ժամանակ էլ էքսցենտրիկ երեւույթներով է հանդես եկել»։

Ըստ Կ.Աճեմյանի, հաջողության են հասնում այն մարդիկ, ովքեր կարողանում են վերահսկել իրենց արարքներն ու խոսքերը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am