«Եթե պահանջս քաղաքապետարանը չկատարի, ես վաղը բենզինի շշով իմ հոգեկան հիվանդ աղջկա հետ էստեղ ինքս ինձ այրելու եմ»: NEWS.am-ի թղթակցին այս մասին ասաց Անահիտ Ադամյանը, որն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, քաղաքապետարան էր եկել՝ պահանջելու, որ Տարոն Մարգարյանը թույլ տա շարունակել իր տան շինարարությունը։ Տիկին Անահիտն իր 7 հոգանոց ընտանիքով Հայաստան է վերադարձել Ղազախստանից ու ապօրինի բնակություն հաստատել Նոր Նորքի Դավիթ Բեկ փողոցում։

«Իմ ձեռքերով մաքրել եմ հողակտորը, արտասահմանցի բարերարների հետ սարքել 40 քմ-անոց տուն: Հենց էդ ժամանակ քաղաքապետարանն ամեն կերպ սկսեց խոչընդոտել, պայմանավորվեցինք, որ մնա, մինչև բացատրենք՝ ինչն ինչոց ա»,- պատմեց տիկին Անահիտը:

Տիկին Անահիտի խոսքով, անգլիացի բարերարների օգնությամբ կառուցել են 40 քմ տարածքով տուն, սակայն քաղաքապետարանը թույլ չի տվել տանիքը դնել ու ստիպել է, որ քանդի տունը։ Տիկին Անահիտը խնդրում է, որ թույլ տան փայտից տանիք դնել, որ գոնե ձմռանը դիմանան, մինչեւ իր տան հարցը լուծեն. «Իմ 6-րդ դասարանի աղջիկը զոնտիկով ա քնում։ Անձրեւը լցվում ա տունը»։

Նա պահանջում էր հանդիպում Տարոն Մարգարյանի հետ, սակայն նրան ընդունել են նամակների բաժնում, լսել են բողոքը, ու ոստիկանները հեռացրել են տարածքից՝ ասելով, որ ներսում հանդիպում է։ Երեք ժամ անց տիկին Անահիտը վերադարձել է՝ խնդրելով, որ իրեն թույլ տան ներս մտնել, սակայն ոստիկաններն ասել են, որ ընդունելության ժամն ավարտվել է։

«Պուտինի մոտ ավելի հեշտ կկարողանամ մտնել, քան Տարոն Մարգարյանի մոտ, իսկ որ ընտրվում էր, ինչքան ծերունի կար, սաղին պաչպչում էր։ Երեք ժամ գոռգոռում եմ, ո՞վ ա ինձ ուշադրություն դարձնում»,- ասաց տիկին Անահիտը։

Տիկին Անահիտը հեռանալուց առաջ հայտարարեց, որ վաղն առավոտյան վերադառնալու է իր աղջկա հետ, որը, նրա խոսքով, հոգեկան հիվանդ է, եւ եթե իր հարցին լուծում չտան, բենզինով հրկիզելու է իրեն ու աղջկան. «Ես չեմ ահաբեկում, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում։ Իմ ապրելը ոչ մի կոպեկ չարժի, եթե իմ երեխան փողոցում ա»։