Վոլոդյա Ավետիսյանը քաղաքական կալանավոր է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, հայտարարեց «Խաչակիր» կազմակերպության նախագահ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը կառավարության առջեւ, որտեղ  ազատամարտիկները եկել էին Վոլոդյա Ավետիսյանի գործով արդար քննության պահանջով նամակ փոխանցելու վարչապետ Տիգրան Սարգսյանին (ֆոտոռեպորտաժ

«Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվեց անմիջապես այն բանից հետո, երբ հայտարարեց, որ պատրաստվում է փոխել իր սոցիալական պայքարի դրոշը քաղաքականի»,- ասաց Գագիկ Սարուխանյանը։

Մինչեւ այդ ազատամարտիկները նամակ-պահանջագիր հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, այնուհետև երթով շարժվեցին ՀՀ կառավարություն, բարձրախոսով իրենց բողոքը հայտնեցին վարչապետին։

«Վոլոդյա Ավետիսյանը երբ մտավ սոցիալական պայքարի մեջ, կարծում էր, որ պահանջներով կամ ազատամարտիկներին համախմբելով կարող է հասնել որևիցե նպատակի և փոխել ազատամարտիկների կյանքը դեպի լավը, բայց շփվելով կառավարության, իշխանավորների հետ, հասկացավ, թե ինչքան է խաթարված պետության վերնախավը, ինչքան անգործ են նրանք և չեն կարողանում լուծել որևէ հարց»,-հայտարարեց ազատամարտիկը։

Ազատամարտիկները վստահ են, որ Վոլոդյա Ավետիսյանի դեմ գործ է սարքվել. «Մեկ ամսից ավելի մարդուն կալանավորում են և ոչ մի գործողություն չեն անում, բացի նրանից, որ հանրապետությունով մեկ ընկել են, մարդ են ման գալիս, թե ով ևս մեկ ցուցմունք կտա նրա դեմ: Եվ վերջին մեղադրանքը անհասկանալի է՝ ում հետ է կապված, ով է նա, ինչ մարդ է, էս դեպքում ոչ մի բան չկա: Վոլոդյա Ավետիսյանի գործը արդեն վերածվում է խեղկատակության»:

«Մենք բոլորս Վոլոդյա Ավետիսյան ենք», «Մենք պարտվել չգիտենք» պաստառներով եւ կարգախոսերով ազատամարտիկները պահանջում էին գլխավոր դատախազին զբաղվել իր օրինական գործողությամբ, այն է` ապահովել երկրում օրինականությունը։

Գագիկ Սարուխանյանը հայտարարեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը «խաբել է Վոլոդյա Ավետիսյանին»։ Նա ընդունել է ազատամարտիկին եւ խոստացել, որ անպայման ազատարամտիկների սոցիալական խնդիրները լուծող փաթեթ կպատրաստվի եւ կուղարկվի Ազգային ժողով։

«Սակայն պարոն վարչապետը իր վարչախմբի հետ քաշքշելով, ձգձգելով վերջում խաբեց Վոլոդյա Ավետիսյանին։ Նրան կալանավորեցին։ Դուք ստել եք, պարոն վարչապետ։ Դուք խաբել եք Վոլոդյա Ավետիսյանին։ Դուք խաբել եք մեզ բոլորիս։ Մենք բոլորս Վոլոդյա Ավետիսյաններ ենք... Դուք լավ անձնավորություն չեք։ Դու տղավարի քեզ չես պահել, Տիգրան»,- հայտարարեց Գագիկ Սարուխանյանը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am