Սա ակումբ չէ, հարսանիք չէ, որ հրավիրատոմս ուղարկենք բոլորին, ես կողմնակից էի, որ բոլորը հրավիրված լինեն: Այս մասին, հոկտեմբերի 26-ին, ՀՀՇ համագումարի ժամանակ ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
«Գիտեմ, որ որոշ մարդկանց մոտ համագումարին ներկա լինելու հետ կապված բարդույթներ կան, դա իրենց պրոբլեմն է, մենք բարդույթ չունենք այստեղ որեւէ մեկին տեսնելու, որովհետեւ դա ինչ-որ նոր կուսակցություն չի բացվում, պետք է անընդհատ շեշտել, որ ոգու տեսանկյունից, մասնակից մարդկանցից ելնելով՝ սա Հայոց Համազգային շարժումն է»,- ասաց նա:
Հովհաննես Իգիթյանը մտավախություն չունի, որ ՀԱԿ-ականները կխոչընդոտեն իրենց գործունեությանը: «Չեն կարող խանգարել, շարժումը ինչպե՞ս կարող են խանգարել: Դա փոքր մի մեքենա չէ, որ դեմը դնես, եւ ինքը չգնա, դա մարդկանց ուղեղների մեջ է, եւ ընդհանրապես 25 տարի պատմություն ունեցող շարժումը հիմա էլ ապացուցում է, որ անելիքներ ունի, այն հնարավոր չէ կանգնեցնել»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:
Ի դեպ, նա Հայաստան էր եկել հատուկ համագումարին մասնակցելու համար: Մինչ այդ եղել է տարբեր երկրներում, վերջինը՝ Ուկրաինայում, որտեղ աշխատանքներ էին տանում Ուկրաինայի՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրին միանալու շուրջ, հույս ունի, որ այդ հարցով մի օր էլ Հայաստանին կօգնեն: Իսկ առայժմ Հայաստանի որդեգրած ուղղությունը դեպի Մաքսային միություն տանում է փակուղի, «որովհետեւ հնարավոր չէ ստեղծել քաղաքական հիմունքներով տնտեսական մի կառույց»:











