Վազգեն Սարգսյանի սպանությունը ձեռնտու էր բոլոր նրանց, ովքեր Վազգենից հետո հագուրդ տվեցին իրենց նյութապաշտական, մարդկային ամբիցիոզ հակումներին, բոլոր նրանց բախտը բերեց, եթե չասեմ ձեռնտու էր: Այս մասին ՀՀՇ համագումարի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

«Հասարակությունն արդեն իր գնահատականը տվել է հոկտեմբերի 27-ին, դրա հետեւանք էր նաեւ այսօրվա Հայաստանը՝ իր անսահման ճոխությամբ եւ անսահման աղքատությամբ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործության բացահայտմանը, Արամ Սարգսյանը շեշտեց, որ արդարադատությունը նրա համար է, որ հասարակությանը համոզի, որ այս խնդրում մեղավորը սա է, տուժողը սա է, բայց այս պարագայում առանց արդարադատության հասարակությունը հետեւություն արել է, թե ով էր մեղավոր, ում էր ձեռնտու: «Եւ դրա մեղավորը ոչ թե տուժող կողմն է՝ մենք, որ ինչ-ինչ կասկածներ ունենք, այլ արդարադատություն իրականացնող մարմինը, որը կախված էր եւ կախված է առայսօր գործադիր իշխանությունից, որը դատավարությունը վարեց իր ուզած ուղղությամբ՝ արագացնելով, դանդաղեցնելով, դատավորին հիվանդացնելով, վկաների հիմնական մասին չհարցաքննելով, նյութերում տեղ գրաված լուրջ հարցերին չանդրադառնալով եւ փաստաբանների առաջարկությունները մերժելով, սրանից հասարակությունն իր հետեւությունը կատարեց»,- ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը:

Անդրադառնալով իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե այդ ոճրագործությունից հետո ինքը գնաց եւ ստանձնեց վարչապետի պաշտոնը՝  Արամ Սարգսյանը նշեց, որ բազմիցս անդրադարձել է այդ հարցին, կլինեն մարդիկ, որոնք կհամարեն, որ չպետք է համաձայներ: «Բայց ես ասել եմ, որ այդ պարագայում, երբ բոլորը բոլորին կասկածում են, երբ պարզ չէ, թե ինչ է եղել, երբ երկրի, կառավարության, վարչապետից սկսած նախարարներ զոհված էին՝ Աժ նախագահով, երկիրը անվստահության, անհուսության մեջ էր, մերժել եղբորս ընկերների տվյալ ժամանակում գործող իշխանության առաջարկը, չգնալ, ում պիտի վստահեին, պիտի լիներ մարդ, ում պետք է վստահեին, որը գնալու է եւ փորձելու է պարզել, թե այս խնդրում ով է մեղավոր: Եթե մարդիկ մտածում են, թե ի սկզբանե պարզ էր, թե այն մարդիկ, ում որ այսօր հասարակությունը կասկածում է, միանշանակ պարզ է, որ նրանք են մեղավոր, դա բացարձակ այդպես չէ: դատական գործընթացները բերեցին այն հիմնավորման, որ գործող իշխանությունները ամեն ինչ անում են, որ հոկտեմբերի 27-ը մինիմում չբացահայտվի: Եւ դա էր պատճառը, որ ես վարչապետ եղած ժամանակ ընդդիմադիր էի գործող նախագահին եւ վերջին արդյունքը եղավ այն, որ ինձ աշխատանքից ազատեցին, այնպես որ իրականությունը սա է, եւ խնդրի իրական կողմից եմ անդրադառնում»,- ասաց նա:

Թե ում էր ձեռնտու Վազգեն Սարգսյանի սպանությունը, ով էր պատվիրատու, Արամ Սարգսյանը անուններ չնշեց՝ շեշտելով, որ ինքը անուններ տալուց չեմ վախենում, բայց մարդուն սպանության մեջ մեղադրելը նույնչափ մեղք է, ինչքան սպանություն կատարելը: «Դա պետք է ապացուցի դատարանը, ես կարող եմ շատ-շատ մարդու կասկածել, դրա համար կա դատարան, որտեղ պիտի գնաս, ցուցմունքներ տաս, որտեղ ես ցուցմունքներ տվել եմ, որոնք փաստագրված գոյություն ունեն, եւ դա վերաբերում է Մեղրիի խնդրին, եւ գործող իշխանության վերաբերմունքին, ժամանակը կգա, այդ արխիվները կբացվեն, կերեւա այն մարդուն, ում դու մեղավոր ես համարում, մեղավոր է, թե ոչ: Ես այն մարդկանցից չեմ, ովքեր անուններ են տալիս, անուններ տալու համար կամ հնչեցնելու համար, թե տեսեք, ես ինչ ռիսկով եմ, ես չունեմ այդ խնդիրը, ինձ որեւէ մեկը չի տեսել վախեցած, որ ես հակառակն ապացուցեմ»,- ասաց Արամ Սարգսյանը: