Մյասնիկյանի արձանի դիմացի նստարանին բնակություն հաստատած Մկրտչյանների ընտանիքին երեք ամիսների ընթացքում ամենից շատ Եհովայի վկաներն են մոտեցել, իրենց օգնությունը առաջարկել: Ընտանիքի հայրը` Աշոտ Մկրտչյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ շատ են փորձել իրենց համոզել միանալ կրոնական այդ շարժմանն ու խոստացել այդ դեպքում ապահովել ամեն ինչով: Կրոնական կազմակերպության անդամները, ինչպես Մկրտչյաններն ասացին, հետապնդել են իրենց այն ժամանակվանից, ինչ Ֆրանսիայից տեղափոխվել են Հայաստան: Գյումրիում երեք տարի ապրած Մկրտչյանների երեխաները միայն մեկ տարի են դպրոց հաճախել: «Դասարանում աղանդավորների երեխաները նստում էին իմ երեխեքի կողքին, համոզում, որ իրենք էլ Եհովայի վկա դառնան: Էդ հիվանդ մթնոլորտից փախել ենք ուղղակի»,- ասաց երեխաների հայրը:

Ֆրանսիայից եկած ընտանիքը օգոստոսի 12-ին նամակ է հանձնել ֆրանսիական դեսպանատուն՝ պահանջելով իրենց թույլ տան և հովանավորեն օրինական կերպով վերադառնալ Ֆրանսիա, բայց մինչեւ այսօր ոչ մի պատասխան չեն ստացել:

Ինչպես NEWS.am-ը տեղեկացրել էր, երեք տարի Ֆրանսիայում բնակվելուց հետո ապաստանի հայցի մերժման պատճառով Մկրտչյանները 2010թ. Ֆրանսիայի կառավարությունից 5,500 դոլար օգնություն են ստացել և կամավոր եկել Հայաստան` հիմնական բնակության, բայց փոշմանել են։