«Արևորդի» 4-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում հոկտեմբերի 26-ին Սիրահարների այգում բացօթյա համերգ տվեց Գերմանիայի Բրեմեն քաղաքից ժամանած սամբայի «Կոնֆուսաո» խումբը։
Խումբն արդեն 4-րդ անգամն է Հայաստանում: «Չորս տարին քիչ ժամանակ չէ: Մի տարի մենք ծառ տնկեցինք, հաջորդ տարիներին արդեն գալիս, տեսնում ենք, որ ծառերն աճել են: Մենք երեխաների ենք տեսնում, ու չորս տարվա ընթացքում տեսնում ենք, թե ինչպես են երեխաները մեծանում: Դա հիանալի է։ Մեզ դուր է գալիս ամեն տարի վերադառնալ Հայաստան»,- ասաց խմբի անդամ Մարտին Սասեն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Փառատոնն անցկացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը: Նպատակը հանրության ուշադրությունը հրավիրելն է բնության և բնապահպանական խնդիրներ վրա, դրանց մասին իրազեկության մակարդակը բարձրացնելը Հայաստանի հասարակության, մասնավորապես` երեխաների և երիտասարդների շրջանում: Սամբայի համերգին Սիրահարների այգում հաջորդեց «Մադագասկար» փաստագրական ֆիլմի կինոդիտումը: 20 րոպե տևողությամբ լեհական ֆիլմը պատմում էր Մադագասկար կղզու միկրոաշխարհում ապրող փոքրիկ կենդանիների մասին:











