Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 14-րդ տարելիցին «Եռաբլուր» պանթեոն այցելեցին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ պատգամավորներ, Երկրապահ կամավորականների միությունը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին։ (ֆոտոռեպորտաժ)
Գեներալ Մանվել Գրիգորյանը մոմ վառեց Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում, որը, հիշեցնենք, կառուցվել է 1994թ. Գարեգին 1-ին երջանկահիշատակ կաթողիկոսի և Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ 1999թ. 5 ահաբեկիչներ՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, զինված մուտք գործեցին ԱԺ նիստերի դահլիճ եւ կրակ բացեցին ներկաների վրա: Նրանց նպատակային կրակոցների զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ, ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ Մոտ 4 տարի տեւած դատավարության արդյունքում ոչ մի նոր բան չհաջողվեց պարզել այդ ոճրագործության կազմակերպիչների մասին:











