Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում «Սուրբ Հուդա» փոթորկի պատճառով հոսանքազրկվել է մոտ 60000 հազար տուն: Ավելի վաղ հաղորդվում էր 30000 հոսանքազրկված տնտեսությունների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Agence France-Presse-ը եւ ERDF էներգետիկ ընկերության տվյալները:

Ամենից շատ աղետը վնաս է հասցրել Բրետան եւ Նորմանդիա շրջաններին: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ քամու ուժգնությունը կարող է հասնել 120-130 կմ/ժ: Առայժմ զոհերի եւ տուժողների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Ավելի վաղ փոթորկի պատճառով Նիդերլանդների ավիաընկերությունը չեղյալ էր հայտարարել ավելի քան  40 միջազգային չվերթեր: Այժմ փոթորկը մոտենում է Մեծ Բրիտանիայի ափերին: Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում արդեն չեղյալ են հայտարարվել մոտ վաթսուն չվերթեր:

Sky News հեռուստաալիքը հաղորդում է հնարավոր առաջին զոհի մասին, ով 14-ամյա դեռահաս է, որին քշել է ծովը: Փրկարարները որոնել են տղային, սակայն փոթորկի պատճառով նահանջել են: Երեխայի մահվան մասին պաշտոնական լուր չի տարածվել: