ԵՊՀ ուսանողները հոկտեմբերի 29-ին հավաքվել էին Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանատի դիմաց եւ պահանջում էին Կոնֆերենց-դահլիճը բուֆետ չդարձնել։
Դեկան Ռոլանդ Ավագյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սա ժամանակավոր որոշում է, քանի որ այլ հարմար տեղ բուֆետի համար ֆակուլտետում չկա։ «Լսարանները, լաբորատորիաները չենք կարող բուֆետ դարձնել, իսկ այս դահլիճն ակտիվ չի օգտագործվում հիմա։ Դրա համար էլ որոշեցինք դահլիճը բուֆետ դարձնել։ Ջուրն արդեն քաշել ենք դահլիճում, էլ չենք կարող փոխել»։
Մինչդեռ ուսանողները NEWS.am-ի թղթակցին պատմեցին, որ իրենք իրենց դիրքորոշումը հստակ հայտնել են, որ եթե դահլիճը փակելու հաշվին պետք է բուֆետ ունենան, գերադասում են բուֆետ չունենալ ընդհանրապես։ Ավելին, նրանց խոսքով ռեկտորատն է ստիպել դեկանատին բուֆետի հարցը լուծել։ Նրանք էլ, ճար չունենալով, ստիպված նման քայլի են գնացել։ Ուսանողներին հայտարարել են, որ նրանցից մի քանիսը դիմել են ռեկտորատ՝ պահանջելով բուֆետ բացել ֆակուլտետում, մինչդեռ ուսանողներն ասացին, որ իրենք հետաքրքրվել են, թե ովքեր են եղել բողոքողները, բայց այդպես էլ որևէ մեկին չեն գտել։
Քիչ անց ուսանողներին մոտեցավ դասախոս Աշոտ Հովսեփյանը, որը նրանց հորդորեց NEWS.am-ի լրագրողին հարցազրույց չտալ, ապա մոտեցավ լրագրողին, որին չէր ճանաչում, և սկսեց վիրավորել։
Ուսանողներին դասախոսը հրահանգեց մտնել լսարան։ Ինչ է խոսվել ներսում, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, քանի որ 10-15 րոպե անց լսարանից դուրս եկած ուսանողները, ովքեր մինչև այդ իրենց դժգոհությունն էին հայտնում լրագրողին, ուղղակի հրաժարվեցին պատասխանել որևէ հարցի։
Համալսարանի բոլոր բուֆետները մինչև հիմա շահագործել է Hi Lunch ընկերությունը։ ԵՊՀ լրատվական բաժնի պետ Կարեն Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Hi Lunch-ի պայմանագրի ժամկետն ավարտվել է, բայց ըկերությունը դուրս չի գալիս համալսարանից։ Համալսարանը դիմել է դատարան ու մինչեւ դատական գործընթացի ավարտը որոշել է որպես ժամանակավոր լուծում ամեն մասնաշենքում այլընտրանքային սննդի կետ կազմակերպել։
Կարեն Գրիգորյանի խոսքով՝ ուսանողները եւ դասախոսները ռեկտորի հետ տարբեր հանդիպումներում բարձրացրել են բուֆետի անհրաժեշտության խնդիրը։
«Ուզում ենք պատշաճ սննդի ծառայություն կազմակերպել, մրցույթ հայտարարել, բայց մինչեւ դրա իրավունքը կունենանք, ինչ-որ կերպ պետք է լուծենք այս խնդիրը»,- ասաց նա։
Այս պահին համալսարանում գործում է միայն երկու բացօթյա սրճարան, որոնք շուտով կփակվեն, եւ ընդամենը մեկ բուֆետ կենտրոնական մասնաշենքում, որը շահագործում է մեկ այլ ընկերություն։
Ինչ վերաբերում է Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների բողոքին, Կարեն Գրիգորյանն ասաց, որ խոսքը ոչ թե Կոնֆերենց-դահլիճի, այլ նախասրահի մասին է, եւ ֆակուլտետի հանդիպումները կարելի է անցկացնել համալսարանի մյուս մասնաշենքերի բազմաթիվ սրահներից մեկում։
«Սա միայն մեկ ամսով է։ Կանենք այնպես, որ ուսանողներին հարմար լինի։ Եթե Կոնֆերենց-դահլիճի հարցը ուսանողների համար սկզբունքային է, կանենք այնպես, որ նրանց սրտով լինի»,- ասաց Կարեն Գրիգորյանը։











