«Սուրբ Հուդա» փոթորիկը, որը հասել է Ռուսաստանի հյուսիսարեւմտյան շրջաններ, աստիճանաբար մեղմանում է Սանկտ Պետերբուրգում: ԱԻՆ-ի տվյալով, Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում եղանակային անբարենպաստ պայմանների գագաթնակետը հաղթահարված է: Սակայն տարերքը շարունակում է մոլեգնել Սեստրորեցկ քաղաքում, որտեղ մի քանի առափնյա փողոցներ ջրածածկ են, հայտնում է «Ֆոնտանկան»:
Միաժամանակ, Ֆիննական ծոցում ջրի մակարդակը նվազել է, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Սանկտ Պետերբուրգում ծառեր են տապալվել, տանիքներ են պոկվել, էլեկտրալարեր են կտրվել: Քամու արագությունը կազմել է 8 - 17 մ/վրկ.: Հոկտեմբերի 29-ի ժ. 21:30-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ ուժեղ քամու հետեւանքով հովհարային անջատումներ են գրանցվել Վոլոգոդի, Լենինգրադի, Նովգորոդի, Պսկովի 1355 բնակավայրերում, Կարելիայի Հանրապետությունում եւ Սանկտ Պետերբուրգում, որտեղ ընդհանուրը մոտ 80 հազար մարդ է բնակվում:
Փոթորկի պատճառով հեռարձակումը դադարեցրել են «Էխո Մոսկվիի» պետերբուրգյան կայանը եւ Business FM-ը: Քամին Պետերբուրգում նաեւ գովազդային վահանակ է տապալել, ինչի հետեւանքով ուղեւոր է տուժել:
Նեւայի վտակներից մեկում 36-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել, հայտնում է Life News-ը: Եվս մեկ զոհ է գրանցվել Տվերի մարզում. ծառն ընկել է տարեց կնոջ վրա, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Նովգորոդի մարզում «Սուրբ Հուդան» առանց էլեկտրականության է թողել ավելի քան 10 հազար մարդու՝ հոսանքազրկելով 235 բնակավայրեր: Փոթորիկը ծառեր եւ երթեւեկության նշաններ է տապալել, պոկել գովազդային բաներներ:
«Սուրբ Հուդա» փոթորիկն առաջացել էր Ատլանտյան օվկիանոսում եւ հոկտեմբերի 28-ի գիշերը վրա հասել եվրոպական երկրներում՝ Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Դանիա, Շվեդիա եւ այլն: Մեկ օր անց այն հասել էր Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի բնակավայրեր: Փոթորիկը կոչվել է Հուդա առաքյալի պատվին, որի հիշատակի օրն է հոկտեմբերի 28-ը:
Վերջին տվյալներով՝ հողմի զոհ է դարձել 17 մարդ՝ ութ գերմանացի, հինգ բրիտանացի, մեկ դանիացի, հոլանդուհի, ֆրանսուհի եւ մեկ ռուս կին: Tengri News-ի հաղորդմամբ՝ սպասվում է, որ «Սուրբ Հուդան» կհասնի Ղազախստանի հյուսիսային շրջաններ, թեււ թուլացած տարբերակով:
Ըստ օդերեւութաբանների՝ դա տեղի կունենա մի քանի օրից:











