Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի և ճոպանուղու տարածքում, դեպի Այգեստան փողոց տանող ճանապարհին մեծ քանակությամբ աղբ է կուտակվել: Այգեստան փողոցի բնակիչների խոսքով՝ աղբամանը հեռու է տեղադրված, այդ պատճառով էլ բնակիչները տոպրակներով աղբը թողնում են Այգեստան տանող աստիճանների մոտ, մի մասն էլ ուղղակի ճոպանուղու տակ։
«Տարածքը մաքրելու համար հարկավոր է պարսպապատել, թե չէ ոչ մի ձևով ժողովրդին չես կարող ստիպել, որ զիբիլն ուրիշ տեղ թափի, իսկ զիբիլի հաջորդ կետը բավական հեռու է: Հիմնականում թափում են ոչ թե բնակիչները, այլ ուսանողները, որոնք վարձով են ապրում»,- NEWS.am-ին ասաց Այգեստան փողոցի բնակիչ Աբգարյան Վահրամը:
Մաշտոցի անվան համալսարանից էլ տեղեկացրին, որ իրենք ոչ մի տեղ չեն դիմել աղբը տարհանելու խնդրով, քանի որ աղբն իրենց տարածքում չի, այնինչ աղբը մի քանի մետր հեռավորություն վրա է համալսարանից:
Բնակիչների խոսքով՝ մի քանի ամիս առաջ աղբամաններ էին տեղադրել Այգեստան փողոցում, բայց քանի որ աղբատար մեքենաները շաբաթը մեկ անգամ են տարհանել աղբը, և գարշահոտություն է տարածվել, բնակիչների բողոքով աղբամանները հանել են։
«Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ից NEWS.am-ին ասացին, որ աղբը մաքրել են ամիսներ առաջ, և եթե բնակիչներն ահազանգեն, կրկին կմաքրեն։
Այդ տարածքում աղբամաններ տեղադրելու համար նույնպես, պարզվում է, բնակիչների կողմից բողոք պետք է ներկայացվի Կենտրոն թաղապետարանի կոմունալ վարչություն։ Կենտրոն թաղապետարանի կոմունալ վարչությունից ասացին, որ աղբամանների տեղադրման կետերը որոշում է քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչությունը, քաղաքապետարանից էլ տեղեկացրին, որ «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ն է զբաղվում այդ հարցերով:
Մինչ պատասխանատուներն իրար վրա են գցում աղբի պատասխանատվությունը, Ճոպանուղին օրեցօր ավելի գարշահոտ է դառնում։ Աստիճանների տակ ավելանում է աղբը, աստիճանների վերեւում բնակություն են հաստատել բոմժերը։
Հիշեցնենք, որ 2004թ. ապրիլի 2-ին Երևանի կենտրոնից դեպի Նորք բարձրացող ճոպանուղու վագոնը 15 մետր բարձրությունից ընկավ Ամառանոցային փողոցի առանձնատներից մեկի բակ: Վթարի հետևանքով վագոնի 11 ուղևորներից մահացան հինգը, որոնցից երկուսը Իրանի քաղաքացիներ էին, մյուսները ստացան ծանր մարմնական վնասվածքներ: Այդ օրվանից ճոպանուղին չի գործում։











