NEWS.am- ի նկարահանող խումբը KillDim Production-ի հետքերով բացահայտում է մուլտիպլիկատոր Սահակյանցների մեծ մասսայականություն վայելող նախագծի գաղտնիքները: Դավիթ եւ Հայկ Սահակյանցների հետ զրուցեցինք երկար ժամանակ գաղտնի պահվող ստեղծագործական խմբի, KillDim-ի առաջիկա սերիաների եւ ադրբեջանական կողմի ագրեսիվ արձագանքների մասին:
Երկար ժամանակ գաղտնի էր պահվում մուլտֆիլմի ստեղծագործական թիմի ինքնությունը: Հիմա էլ կարծես առանձնապես կադրում երեւալու ցանկություն չունեք: Ի՞նչն է պատճառը:
Պատճառները մի քանիսն են՝ սկսած անվտանգության հետ կապված հարցերից: Այնուամենայնիվ, պետք չէ մոռանալ, որ գործ ունենք ոչ ադեկվատ եւ թշնամի երկրի հետ: Բացառված չէ, ոչ նրանք արվեստի դաշտում եւս սաֆարովներ կունենան: Փաստ է, որ KillDim-ը մեծ քննարկումների առիթ է տվել հենց Ադրբեջանում, եւ դրանք, մեղմ ասած, հակասական բնույթ ունեն: Եթե օրինակ ուշադրություն դարձնեք Youtube-ում ազերի օգտատերերի արձագանքներին, ամեն բան հասկանալի կլինի: Բացի այդ, այս ֆիլմի գոյությունը զայրացրել է ընդհուպ Իլհամ Ալիեւին: Մեզ նույնիսկ շշուկներ են հասնում, որ ամենատարբեր պետական, միջազգային ֆորումներում նա պարբերաբար կարծիք է հայտնում, թե սա պետական մակարդակով իրականացվող անթույլատրելի հակաքարոզչության դրսեւորում է, այսինքն ըստ իրենց` պայքարի անընդունելի ձեւ:
Իսկ նման հովանավորություն կա՞:
Իհարկե, ոչ: KillDim-ը Սահակյանցների ընտանիքի նախաձեռնությունն է` Դավիթ Սահակյանց, Հայկ Սահակյանց, Նանա Սահակյանց: Սա պայքարի յուրօրինակ միջոց է`ուղղված ադրբեջանական կեղծ քարոզչության դեմ: Հայաստանում մեր ընկերներն ու նրանք, ովքեր գիտեն, թե ինչ գործով ենք մենք զբաղվում, հասկանում էին, որ մենք ենք դրա հեղինակը: Նման նախագծի համար պետական աջակցությանը մենք ինքներս բացառում ենք, որովհետեւ ցենզուրան այդ դեպքում անխուսափելի կլինի: Սա այն դեպքն է, երբ նման ֆորմատով պետական տեսակետ արտահայտելը գրեթե անհնար եւ անհամատեղելի բան է:
Իսկ ի՞նչ ֆինանսավորմամբ եք նկարահանում մուլտֆիլմը: Կարծում եմ՝ մեծ գումարներ կպահանջվեն յուրաքանչյուր սերիայի ստեղծման համար:
Այո, հենց այդպես է: Ամեն սերիա ստեղծելու համար մեզնից պահանջվում է մտավորապես մեկ ամիս ժամանակ: Ընդ որում, մենք դադարեցնում ենք մեր մյուս բոլոր նախագծեր եւ ուժերը մոբիլիզացնում միայն ֆիլմի վրա: Պատկերացրեք, որ գումարներ իսկապես չկան, որեւէ հովանավորություն չունենք: Միայն սերիաներից մեկն ունեցավ հովանավոր, ում անունը չենք նշի, թող գաղտնիք մնա: Անկեղծ ասած, ֆիլմի մասսայականացումը մեզ բոլորովին այլ բան էր հուշում, բայց մենք կարծես թե սխալվեցինք: Նույնիսկ նախագիծը համաժողովրդական դարձնելու կոչ արեցինք, բայց ոչ մի արձագանք չեղավ: Զարմանալի է: Տպավորություն է, որ հայերը սիրում են միայն նայել, բայց չմասնակցել:
Ինչո՞ւ որոշեցիք, այնուամենայնիվ, հրապարակայնորեն բացահայտել ստեղծագործական թիմի կազմը:
Հասկացանք, որ արդեն անիմաստ է թաքցնել, եւ բացի այդ, եղան մարդիկ, ովքեր սկսեցին հայտարարել, թե իրենք են հեղինակը: Սա արդեն արժանապատվության հարց է: Կարծում եմ, մենք կարեւոր աշխատանք ենք տարել հակաքարոզչության առումով եւ շատ ժամանակ ծախսել դրա համար: Մենք, համենայն դեպս, միայն հպարտ ենք դրանով: Ինչ-որ պահից սկսեցին շրջանառվել նաեւ մեզ համար բոլորովին անհասկանալի վարկածներ` իբր KillDim-ը ադրբեջանական նախագիծ է… Իրականում ադրբեջանցիները փորձ արեցին ստեղծելու KillDim-ի հակակշիռը` իբր մուլտ է, բայց այնքան թույլ եւ անարժեք մի բան ստացվեց…Ուղղակի ծիծաղելի մի բան:
KillDim-ը գեղարվեստական առումով, համենայն դեպս, չի փայլում:
Մենք ինքներս էլ այդպես ենք մտածում: Իրականում մեր առաջ բարձր գեղարվեստական արժեք ստեղծելու խնդիր չենք դրել: Բացի այդ, այն գաղափարը, որ արծարծվում է ֆիլմում, նույնիսկ պահանջում է ընդգծված գրոտեսկային մոտեցում: Հակառակ դեպքում այս ֆիլմը երբեք նման արձագանք չէր ունենա: Քննադատություններ այդ առումով շատ ենք լսել` ասում են, որ գռեհիկ է, երբեմն շատ տգեղ: Իսկ գռեհիկ չէ՞, երբ թշնամին ավերում է մեր խաչքարերը…Մեր ֆիլմերից մեկը հենց այդ թեմայով է:
Ի՞նչ սկզբունքով եք ընտրում թեմաները:
Երկու իրադարձային սերիա կա` Սաֆարովի արտահանձնումն ու պատռված դրոշի պատմությունը: Մեկ կիսատ սերիա կա` վերջին նախագահական ընտրությունների հետ կապված: Շատ հետաքրքիր գաղափար ունեինք, լավ սցենար գրվեց, բայց ֆիզիկապես չհասցրեցինք անել: Մնացած սերիաները կոնկրետ թեմատիկ բնույթ չունեն: Սյուժեն գիտեք` սահմանային հենակետերում ծառայություն իրականացնող հայ եւ ադրբեջանցի զինվորականների կյանքն է:
Գրոտեսկի կոնտեքստում ադրբեջանցիներին հաճախ են ասոցացնում ոչխարի հետ: Ձեզ մոտ այդ կերպարն ինչպե՞ս ծնվեց:
Շատ պատահական ծնված կերպար է /ժպտում է/…Ուղղակի մենք որոշեցինք, որ ազերի զինվորականը սահմանին կին չի կարող ունենալ, որոշեցինք, որ այդ ֆունկցիան իր վրա կվերցնի ոչխարը…
Նոր սերիաների ե՞րբ սպասենք:
Շուտով….հավանաբար….
Զրուցեց Նվարդ Մանվելյանը











