Հասարակության մեջ գումար խնայելու եւ բանկին վստահելու մշակույթ ձեւավորելու նպատակով Կենտրոնական բանկը «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 31-ին Հյուսիսային պողոտայում «Երազանքների պատ» էր տեղադրել։
Պատը 3 հատվածից էր կազմված `«Ես խնայում եմ, որպեսզի...», «Ես ապահովագրում եմ, որպեսզի...» և «Ես երազում եմ, որպեսզի...»: Մարդիկ իրենց ցանկությունները գրում էին թղթերի վրա, փաթաթում, դնում գունավոր գլանակների մեջ ու տեղադրում պատի համապատասխան հատվածին։
«Ես երազում եմ, որպեսզի...» հատվածը ավելի մանկական է, բայց պարզվեց, որ ժողովուրդն ավելի շատ սիրում է երազել, քան գործողություն կատարել»,- NEWS.am-ին ասաց Կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և շուկայի վարվելակերպի բաժնի պետ Արմենուհի Մկրտչյանը՝ նշելով, որ քաղաքացիների շրջանում ավելի մեծ հետաքրքրություն է առաջացրել պատի՝ երազանքի հատվածը։
Պատին տեղադրված ամենահետաքրքիր գրառումները կարժանան անակնկալի։ Հաղթողի անունը հայտնի կլինի նոյեմբերի 8-ին:
1925-ից սկսած՝ հոկտեմբերի 31-ին աշխարհում նշվում է Խնայողությունների միջազգային օրը: Հայաստանում օրը նշում են երկրորդ անգամ։
«Միջոցառման նպատակն է կարևորել խնայողությունները և դրանց ճիշտ կառավարումը մարդու կյանքում: Մեր բնակչության զգալի մասը ունեն խնայողություններ, բայց այսօր դրանք պահում են բարձի տակ տանը և չեն կառավարում դրանք ավելի արդյունավետ, որպեսզի ավելի շատ եկամուտ ստանան: Օրինակ, եթե դնեին բանկում, կստանային լրացուցիչ եկամուտներ, բացի այդ, կունենային վարկային պատմություն և ապագայում կկարողանային ավելի էժան վարկեր ձեռք բերել»,- ասաց Արմենուհի Մկրտչյանը:











