Նոյեմբերի 1-ին Հայաստանում առաջին անգամ «Հայ խեցգետնակերների ֆեդերացիան» անցկացրեց խեցգետնագավաթ:

Մասնակիցները ընտրվում էին հավաքած գարեջրի խցանների քանակով: Ամենամեծ թվով գարեջրի խցան հավաքած վեց մասնակիցներից 2-ն աղջիկներ էին: Խեցգետնակերներին ողջունեց և հաջողություն մաղթեց սեպտեմբերին կայացած «Խեցգետնաֆեստի» չեմպիոն Վաչե Աբրահամյանը։

Մրցույթի արդյունքում հաղթող էր ճանաչվելու այն մասնակիցը, որը 5 րոպեում 300 գրամ խեցգետին ուտելուց հետո ափսեում կթողներ ամենաքիչ մնացորդը: «Մրցույթի պայմաններն են՝ 300 գրամ խեցգետին 300 վայրկյանում: Օյեկտիվ գնահատելու համար կշռելու ենք մնացորդը, և որ մասնակցինն ամենաթեթևը եղավ, նա էլ ամենամաքուրն է կերել, եւ կդառնա հաղթող»,- ասաց «Հայ խեցգետնակերների ֆեդերացիայի» հիմնադիր նախագահ Աշոտ Փարսյանը:

Մրցույթը անցավ թեժ պայքարում։ Մասնակիցների ընկերները մեծ ոգևորությամբ խրախուսում էին մրցողներին:

Կենդանի խեցգետիններով լցված գավաթը նվաճեց Վահագն Հակոբյանը, որի խեցգետնի տոպրակում մնացել էր 242 գրամ խեցգետնի մնացորդ:

Լավագույն աղջիկ մասնակից ճանաչվեց Էսթեր Կարապետյանը։

Մնացած մասնակիցներին որպես խրախուսական նվերներ գարեջուր հանձնեցին: