Մոմ թափող տիկին Լարիսին Եղեգնաձորում և հարակից գյուղերում ճանաչում են բոլորը: Մթից և տանը մենակ մնալուց վախեցող երեխաներին, ավտովթարից սթրես տարած երիտասարդներին մայրերն անպայման տանում են տիկին Լարիսի մոտ, որն իրեն հեքիմ եւ ժողովրդական բժիշկ է անվանում։

Հատկապես երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, որոնք բախտ նայողների եւ մոմ թափողների համար ամենապաստավոր օրերն են համարվում, նրա դռան մոտ հերթեր են կուտակվում: Գալիս են ոչ միայն Վայոց Ձորից, այլեւ մյուս մարզերից, նաեւ Երեւանից։ Վճարում են՝ ում սիրտն ինչքան ուզի։

NEWS.am-ի նկարահանող խումբը որոշեց անձամբ ստուգել տիկին Լարիսի մեղրամոմի զորությունը։ Տիկին Լարիսի «սուրբ օջախի» ներսում գլխավոր անկյունը փոքրիկ սեղանն է՝ սրբապատկերներով ու խաչով: Տիկին Լարիսը չհարցրեց՝ ինչ գանգատով ենք եկել իր մոտ։ Մեղրամոմը հալեցրեց եռացրած ջրի մեջ, պահեց «հիվանդի» գլխին ու դրա մեջ տեսավ. «Հետաքրքիր երազներ ես տեսնում, կաշմարային ու խառը։ Նազար ջան։ Բայց ամեն ինչ դուրս եկավ, խնդիր չկա։ Աստված քեզ հետ ա։ Ինչ հարցով եկել ես, պատասխանները կստանաս։ Վերջին շրջանում գլխացավ, թուլություն, անհանգիստ պահեր կան։ Ոնց որ տեղդ չգտնես։ Բայց Աստված քեզ հետ ա։ Հետո, ինչ մտքովդ անցնում ա, լինում ա, քաղցր ջան։ Մահ է եղել, բարեկամ հարազատի, սթրես ես տարել, բայց քո մեջ ուժ ես գտել։ Դու նոր ծրագրեր ունես, նպատակիդ հասնելու ես, մինչեւ հաջորդ տարի ուժի մեջ ա, կկայանա։ Ժամանակի խնդիր ա»։

Տիկին Լարիսի հետ զրուցեցինք այն մասին, թե ինչպես է մոմ թափող դարձել։  «Մինչև ամուսնանալս ու նույնիսկ ամուսնանալուց հետո առողջական խնդիրներն ու տարբեր դժբախտություններն անպակաս էին ինձանից: Ամեն անգամ երազիս Աստված գալիս ու ասում էր, որ միայն մարդկանց օգնելով ու բուժելով` իմ դժբախտությունների վերջը կգա: Իսկ ես ծիծաղում էի էդ ամենի վրա»,- NEWS.am-ին պատմեց տիկին Լարիսը:

Երեք մանկահասակ տղա կորցնելուց հետո տիկին Լարիսը «դիմում է Աստծուն»` խնդրելով իրեն տղա զավակ պարգևել ու խոստանում, որ խնդրանքը կատարելու դեպքում կսկսի մոմ թափել ու մարդկանց բուժել վախերից:

«Աստված ձայնս լսեց ու էսօր, փառք Աստծո, 25 տարեկան տղա ունեմ: Տղայիս քառասունքը լրանալուն պես սկսեցի մոմ թափել: Էդ օրվանից իմ սուրբ օջախի դռները բաց են բոլորի առաջ, գալիս են, երբ պետք ա լինում: Հավատում են ինձ: Ով էլ չհավատալով ա գալիս, հետո չոքեչոք հետ ա գալիս ու շնորհակալություն ասում»,- պատմեց տիկին Լարիսը։