Ստորագրողները երեւի բարձրաձայնել են իրենց հոգեհարազատ թեման, հակառակ դեպքում ինչո՞ւ պիտի մտահոգված լինեին այդ հարցով: Այս մասին լրագրողներին նոյեմբերի 4-ին ասաց երաժիշտ Վահան Արծրունին՝ անդրադառնալով Ատոմ Էգոյանի, Սերժ Թանգյանի եվ այլ սփյուռքահայ մտավորականների՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակին, որում, մասնավորապես, կոչ է արվում պաշտպանել միասեռականների իրավունքները Հայաստանում։

«Իսկ նրանք երբեւէ տուբերկուլյոզով կամ շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց շահերը պաշտպանելու կոչով կդիմե՞ն նախագահին»,- հարց բարձրացրեց երաժիշտը:

«Արձագանք» ռադիոկայանի տնօրեն, երաժիշտ Արտավազդ Բայաթյանն էլ կարծում է, որ սա եւս մեկ փորձ է «քարուքանդ անելու ամեն ինչ»։ «Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք գրկաբաց ընդունենք մեր հասարակության փոքրամասնություն հանդիսացող այդ հատվածին. եկեղեցին ստիպված կլինի համապատասխան օրենք ընդունել միասեռականներին ամուսնացնելու համար: Մեր նման սակավաթիվ բնակչություն ունեցող երկրի համար սա ուղղակի կործանարար կլինի, մանավանդ որ Հայաստանին վաղուց արդեն սեղմել են, մի անկյուն մտցրել ու սպասում են երբ վերջնականապես ուժասպառ կլինի։ Իսկ ուժասպառ եղածներին ի՞նչ են անում. ուղղակի վերացնում են`գնդակահարում»,- ասաց Արտավազդ Բայաթյանը։

Երաժիշտները չեն բացառում, որ այս նամակը կարող է  նաեւ պատվեր լինել, բայց թե ով է պատվիրատուն, չգիտեն։