Ազատամարտիկները նոյեմբերի 4-ի երեկոյան նստացույց են սկսել Ազատության հրապարակում` ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի: Նրանց կողքին է նաև Վոլոդյա Ավետիսյանի որդին` Նորայր Ավետիսյանը:

«Ազատամարտիկը վարձկան չէ, որ 20  տարի առաջ պայքարել է, այսօրվա դրությամբ փոխհատուցում է պահանջում: Մեր պահանջն այն է, որ ազատամարտիկը կարգավիճակ ստանա, քանի որ մենք դեռ պատերազմի մեջ ենք, դեռ կռիվը չի ավարտվել: Աստված չանի, վաղը մյուս օրը պատերազմ լինի, կռվելու գնացողը տանը թողնում է ընտանիք, երեխաներ ու չգիտի՝ իր հետ ինչ է լինելու, այդ պատճառով  նա պետք է իմանա իր կարգավիճակը»,-NEWS.am-ին ասաց ազատամարտիկ Կոլյա Խեչոյանը:

Ազատամարտիկի խոսքով՝ Վոլոդյա Ավետիսյանին  կեղծ մեղադրանք են առաջադրել ու ձերբակալել են ազատամարտիկների սոցիալական խնդիրները բարձրացնելու համար:

«Տղաները քնած չեն, բոլորն արթուն են, և միասնական պայքարում ենք համ մեր ընկերոջ ազատ արձակման համար, համ էլ մեր սոցիալական հարցերի համար»,- NEWS.am-ի թղթակցին ասաց ազատամարտիկը:

Ազատամարտիկը դիմեց իրենց մարտական ընկերներին, որոնք հիմա պաշտոնյաներ են. «Նրա  գլխին սարքել են»։

«Առայժմ նստացույցից բացի այլ պայքարելու ձևեր չենք տեսնում: Մարդիկ կան, որ մտածում են՝ շաբաթը մեկ անգամ հանրահավաք անեն, բայց արդեն 20 տարի մենք տեսել ենք, որ դա արդյունք չի տալիս»,-ասաց նստացույցի մասնակից ազատամարտիկ, գրող Հովիկ Վարդումյանը:

Ազատամարտիկի խոսքով՝ իրենք իրենց կյանքն ու առողջությունն են դրել երկրի անկախության ու ազատության կերտման համար, ու նստացույց անելով՝ մտածում էին, որ գուցե դա ազդի իշխանությունների վրա, բայց դա էլ ազդեցություն չգործեց:

«Մնացել են միայն կոշտ գործողությունները, որը մենք չենք ուզում, որովհետև երևի իշխանություններից շատ ենք հասկանում, որ մենք շրջապատված ենք թշնամիններով, որոնք սպասում են երկրի ներքին կյանքի անկայունացմանը»,-ասաց ազատամարտիկը:

Ազատամարտիկն ասաց, որ իշխանությունները անընդհատ նոր միջոցներ են փնտրում Վոլոդյա Ավետիսյանին երկար բանտում պահելու համար, որովհետև վախենում են, որ դուրս գալուց հետո ազատամարտիկները կմիավորվեն, և շարժումը իրենց համար ավելի վտանգավոր ընթացք կստանա. «Դրա համար գլխատել են, գլխատված վիճակում պետք է պահեն ինչքան հնարավոր է երկար»:

Նստացույցը կշարունակվի երեք օր, այնուհետև ազատամարտիկները կորոշեն իրենց հետագա քայլերը։