Անի Խաչատրյանը նոյեմբերի 5-ին Youtube-ի իր էջում տեղադրել է տեսանյութ, որում երեւում է՝ ինչպես են 37 համարի երթուղայինի վարորդը եւ ուղեւորուհիներից մեկը հարձակվում իր վրա միայն այն բանի համար, որ նա վարորդից պահանջում է ծխախոտը հանգցնել։
«Ես շատ քաղաքավարի խնդրեցի հանգցնել ծխախոտը, նա կտրուկ ասեց՝ ոչ: Հետո իմ այն պնդմանը, թե դրա համար տուգանք է հասնում, նա և մի ուրիշ կին, որ ներկայացավ որպես վարորդի քույր, բառիս բուն իմաստով հարձակվեցին ինձ վրա»,- գրել է Անի Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ կինը փորձել է իր տեսախցիկը կոտրել, հետո սկսել է խփել իրեն։ Վարորդը փորձել է ստիպել նրան իջնել մեքենայից. «Վերջում էլ սպառնացին, թե կիմանան՝ որտեղ եմ ապրում ու ես իմ հալը կտենամ»։
NEWS.am-ի հետ զրույցում Անի Խաչատրյանն ասաց, որ դեպքը եղել է այսօր առավոտյան՝ Քասախ գյուղից Երեւան ուղեւորվելիս։ Անին չորսամյա որդու հետ է եղել։ Բայց դա վարորդի քույր ներկայացած կնոջը չի խանգարել խփել իրեն, ինչի հետեւանքով Անիի շրթունքն ու լինդը վնասվել են, աղջկա ձեռքերը ճանկռել են։
Երթուղայինի մյուս ուղեւորները, որոնք բոլորը Անիի համագյուղացիներն են, չեն միջամտել, ավելին՝ ծիծաղել են։
Անին ասաց, որ բողոք է ներկայացել Տրանսպորտի նախարարություն եւ «Երեւանտրանս», ոստիկանություն չի պատրաստվում դիմել։
Քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին անհապաղ քայլեր ձեռնարկել պայմանագրային պարտավորությունը խախտող ընկերության վարորդին համապատասխան տույժի ենթարկելու ուղղությամբ:











