Ազատության հրապարակ տանող ճանապարհներն այս պահին խցանված են։  Փողոցների մի մասը ոստիկանությունը փակել է՝ այսօր Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո քննչական եւ փորձաքննական գործողություններ իրականացնելու համար։

Գրիգոր Լուսավորիչ փողոցից դեպի Մաշտոցի պողոտա տանող ճանապարհը միակողմանի փակ է, երթևեկությունը Պարոնյան փողոցով է իրականացվում:

Մաշտոցի պողոտայում, Գրիգոր Լուսավորիչ և Գարեգին Նժդեհ փողոցներում մեծ թվով մեքենաներ են կուտակվել:

Փողոցներում մեծ թվով ոստիկանական մեքենաներ կան։

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց է անում եւ հայտարարել է հեղափոխություն սկսելու մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել են երթը, տեղի են ունեցել բախումներ, հնչել են պայթյուններ, ոստիկանները բերման են ենթարկել երկու տասնյակից ավելի ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am