Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանին «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխել են «Սթրես» կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բ/կ-ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

Նա նշեց, որ դերասանը հոսպիտալացման կարիք չուներ, այդ պատճառով նրան տեղզափոխել են «Սթրես» կենտրոն: Իսկ թե այնտեղ ինչքան ժամանակ կմնա, դեռ հայտնի չէ:

Նշենք, որ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էին, որ առկա է Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում: Մեր տեղեկություններով՝ նրան այսօր ձերբակալում են: Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է, նրա մոտ առկա է շնչառության թուլացում եւ ճնշման տատանումներ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի պատռվածք, փայծաղը հեռացրել են, իսկ լյարդի պատռվածքը կարել են, դերասանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից հորեղբոր որդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Այժմ հիվանդանոցում գտնվում է բազմաթիվ կոտրվածքներ ստացած Տաթեւ Հակոբյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: