ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները մինչեւ Նոր տարին խաղերի սիրահարներին կներկայացնեն «Ամանորյա թարս խաղը»։

Յոթ հոգուց բաղկացած թիմը, որտեղ հավաքված են և դպրոցականներ, և ուսանողներ, արդեն երեք շաբաթ է՝ աշխատում են նոր ծրագրի վրա։

«Որոշեցինք, որ պետք է լինի Նոր տարվա մասին խաղ, քանի որ օրերը մոտենում են: Մարդիկ հիմա սպասում են հենց Նոր տարվա խաղերի»,- NEWS.am-ի թղթակցին ասաց ծրագրավորող Վարդան Ստեփանյանը, որը սովորում է 11-րդ դասարանում:

«Ամանորյա թարս խաղում» ձմեռ պապիկը փորձում է ծխնելույզների միջոցով փոքրիկներին նվերներ բաժանել: Ինչու թարս, որովհետեւ եղջերուները եւ կեղծ ձնեմարդերը փորձում են խանգարել ձմեռ պապիկին՝ թույլ չտալով նրան առաջ շարժվել ու բաժանել նվերները:

Անիմացիայի պատասխանատու Ժիրայր Գարաբեդյանը նշեց, որ անիմատոր Գրիշա Գրիգորյանն արդեն աշխատում է ձմեռ պապիկի մահվան տեսարանի անիմացիան պատրաստելու վրա:

Թղթի վրա էսքիզներ նկարելուց հետո, երբ յուրաքանչյուր քայլն արդեն հասկանալի է, երիտասարդ անիմատորն այն արդեն մտցնում է համակարգիչ ու տալիս վերջնական արդյունք:

Խաղն ավելի հետաքրքիր դարձնելու համար շատ կարևոր է նաև ընտրել ճիշտ երաժշտություն. «Պետք է փորձենք բնութագրել խաղի իմաստը երաժշտության միջոցով: Այսինքն` լսողը ստանում է այն տեսարանը, որը տեսնելու է առանց նայելու»,- ասաց  դաշնակահարուհի Տաթևիկ Հայրապետյանը, որն իր քրոջ՝ Սեդայի հետ ստեղծում է խաղի երաժշտությունը:

Մի քանի երաժշտական գործիքներ համադրելով նրանք փորձում են ստանալ թվային երաժշտություն: Հնչում են և լարային, և հարվածային գործիքներ: 

«Ամանորյա թարս խաղը» կաշխատի iOS և  Android համակարգերով: