Շանթ Հարությունյանը մի քանի դասեր տվեց նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում, և առաջին դասը ոստիկանությանն է վերաբերում: Այս մասին ասաց ազատամարտիկ, հրապարակախոս Սուրեն Սարգսյանը նոյեմբերի 7-ին Ազատության հրապարակում կազմակերպված Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի հավաքի ժամանակ, որն ամբողջությամբ նվիրված էր Շանթ Հարությունյանի եւ մյուս ձերբակալվածների պաշտպանությանը։
«Էդ ձեր գլխին չէին խփում երիտասարդները, էդ փայտի հարվածները Հայաստանի իշխանության գլխին էին: Երիտասարդներն իրենց կեցվածքով ձեզ հասկացնում էին, որ ձեր Աստվածաշունչը Հայաստանի Սահմանադրությունն է, իսկ Սահմանադրությունը խախտված է, իշխանությունը՝ բռնազավթված»,- ասաց Սուրեն Սարգսյանը:
Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Շանթ Հարությունյանի երկրորդ դասն ուղերձ էր օլիգարխներին. «Եթե հանկարծ դուք ձեզ պատշաճ չպահեք, շարունակեք ռեժիմի ձեռքին բութ գործիքի դեր կատարել, ձեր անձերի և ունեցվածքի հանդեպ հնարավոր ոտնձգությունների պատասխանատվությունը միայն դուք եք կրելու, որովհետև հանրապետության արքա բեսպրեդելը ձեր շնորհիվ է իրականություն դարձել»:
Երրորդ ուղերձը, ըստ նրա, ուղղված էր Հանրապետական կուսակցությանը. «Ձեր ճամարտակությունն այսօր ավարտվեց: Գալուստսահակյանական, շարմազանովական ցինիկ հայտարարություններով դուք լցրեցիք ժողովրդի համբերության բաժակը»:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ Հայաստանում սանձարձակությունը դառնում է հիմնական որակ, և այս իրավիճակը երիտասարդությունն այլևս չի հանդուրժում:
«Շանթը երիտասարադության անունից ասաց՝ վերջ, ոչ մի օր, ոչ մի վայրկյան այլևս այս երկրում չենք ապրելու»,- ասաց Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 5-ին տեղի ունեցածին:
Աշոտ Մանուչարյանը հայտարարեց, որ երիտասարդությունը իր պայքարը, հեղափոխությունը սկսել է, և իրենք պետք է առաջնորդեն այդ պայքարը:
Երիտասարդության անունից խոսեց ԵՊՀ ուսանող Հարություն Մկրտչյանը, ով բոլոր երիտասարդներին կոչ արեց դուրս գալ սոցցանցերից, ելնել փողոցներ և պայքարել իրենց իրավունքների համար:
Ազատամարտիկ Հակոբ Հակոբյանն էլ ասաց, որ Շանթ Հարությունյանը ինքնատիպ մարդ էր և գնաց ինքնատիպ քայլի, և ինքնատիպ ձևով զոհեց իրեն:
«Այսօր Շանթի գործողությունները ներքին թշնամուն էին ուղղված: Շանթի գործողությունները կոչ էր ազգին. Ժողովուրդ, ոտքի կանգնիր, հերիք է քնեք, զարթնիր այս զոմբիացված վիճակից»,- կոչ արեց Հակոբ Հակոբյանը:
Հավաքին ելույթ ունեցավ նաեւ ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը, որն ասաց, որ «խուժանի դեմ խուժանությամբ են գնում», ու իշխանությունների դեմ ուրիշ ձևով հնարավոր չէ:
Ազատամարտիկների հաջորդ հավաք տեղի կունենա հաջորդ հինգշաբթի:











