ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր՝ նոյեմբերի 8-ին, Արարատում քաղաքապետի եզրափակիչ հանրահավաքից առաջ պատասխանեց լրագրողների հարցերին։
Հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանին սատարող Գրիգորյան եղբայրների՝ քիչ առաջ հանրահավաքում հնչեցրած այն հայտարարությունները, որ մրցակիցները սուտ խոստումներ են տալիս, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Միակ սուտ խոստում տվողը եղել է, կա և մնում է իշխող կուսակցությունը, որ խոստումներ տալով երկիրը հասցրել է աղետի։ Այս կուսակցության, այս իշխանության պաշտոնավարման օրոք է երկիրը հասցվել աղետալի վիճակի, արտագաղթ, գործազրկություն, աղքատություն»։
Քիչ անց, երբ ժամանեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Նաիրա Զոհրաբյանը սկսեց զեկուցել նրան, թե ինչ է ասել Հովիկ Աբրահամյանը, և ինչ պատասխան է ինքը տվել։
«Բայց իսկականից ըտենց բա՞ն ա ասել»,- ժպտալով հարցրեց Գագիկ Ծառուկյանը։











