Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի տրամադրությունը այսօր՝ նոյեմբերի 8-ին, Արարատի քաղաքապետի ընտրությունների եզրափակիչ հանրահավաքի ժամանակ շատ բարձր էր։ Նույնիսկ լրագրողների «տհաճ» հարցերը չազդեցին ԱԺ նախագահի տրամադրության վրա, որն անընդհատ ժպտում և նույնիսկ պարեց ընտրողների հետ։ Նա համոզմունք հայտնեց, որ Արարատում ամեն ինչ հանգիստ է, լարված իրավիճակ չկա, և իրավիճակը սրում են լրագրողները։

«Հիմա դուք ասում եք, որ լարված է, ի՞նչն է լարված, հլը էս մարդու դեմքը նայի, ուրա լարված ա»։

Տեղեկանալով, որ լրագրողները ՀՀԿ հանրահավաքից հետո պատրաստվում են մասնակցել ԲՀԿ հանրահավաքին, որտեղ իրենց թեկնածուին սատարելու էր եկել Հովիկ Աբրահամյանի խնամին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ նախագահը նկատեց.

«Ստեղից գնում, ընդեղ խառնում եք, ընդեղից գալիս, ստեղ եք խառնում։ Ձեր գործը սա է»։

Լրագրողի հարցին, թե արդյոք պատրաստվում է մասնակցել ԲՀԿ հանրահավաքին, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց.

«Կարիքը չկա, որ լինի, կմասնակցեմ։ Գնամ հորդորեմ, որ մեզ ձայն տա՞ն»։

Դրանից հետո ԱԺ նախագահն անընդհատ հումորներ էր անում լրագրողների հետ և խորհուրդ էր տալիս չկռվեցնել մարդկանց։

«Ընտրություն ա, էրկու օր հետ կավարտվի։ Էս բոլորը շփվելու են իրար հետ, հաց են ուտելու, հարսանիք են գնալու, ուրախություն են գնալու»,- ասաց նա։