«Նախախորհրդարանի» անդամ, քաղաքացիական ակտիվիստ Սոնա Կարապետյանին երեք օր առաջ սկսել են հետևել «կասկածելի արտաքինով թիկնեղ տղաներ»:

«Տան մոտ միշտ մի մեքենա էր կանգնած, «10 010» համարներով: Ու ամենակարևորը, որ մամայիս էին սկսել անհանգստացնել, զանգահարում էին, համոզում էին, որ հանդիպեր իրենց հետ, ինձ հետ պահեր «Փակ շուկայի» ակցիաներից»,- NEWS.am-ին պատմեց Սոնան։

Նրա խոսքով, իր մայրիկին զանգահարողը ներկայացել է որպես «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատող, ասել՝ «մենք ձեր աղջկա լավն ենք ուզում, մենք էլ քուր ունենք»:

Մեկ շաբաթվա ընթացքում ֆեյսբուքյան կեղծ էջերից գռեհիկ արտահայտություններ են գրել ինչպես Սոնային, այնպես էլ իր ընկերներին: Ակտիվիստը ոստիկանություն դեռ չի դիմել ու չի էլ կարծում, թե իրեն հետևողները լուրջ քայլերի կգնան. «Սա զուտ վախեցնել էր: Չեմ կարծում, թե վնաս կպատճառեն առողջությանս: Եթե վնասելու լինեին, կվնասեին, էնպես չէին հետևի, որ տեսնենք»:

Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները միայն մեկ անգամ են մոտեցել Սոնային: «Փակ շուկայի» մոտով անցնելիս հեծանիվն են վերցրել, չեն թողել, որ անցնի: Հետո էլ հարցրել են, թե չի վախենում արդյոք մի անգամ էլ հեծանիվով տուն գնալիս ավտոմեքենայի տակ ընկնել: