Նոյեմբերի 2-ին, ժամը 14-ի սահմաններում Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղի մի բնակիչ ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ օրն անհայտ անձը հրդեհել է իր բակի 70 տոննա խոտը դեզը։ Ոստիկանությունը պարզել է, որ դեզը հրդեհել է նույն գյուղի բնակչուհի Անահիտ Խաչատուրյանը։ Խոտն ամբողջովին այրվել էր։ Անահիտը 2 մլն 800 հազար դրամի նյութական վճար էր պատճառել մի մարդու, որի տանն էր ապրում։ Անահիտն այդ տանն աշխատում էր որպես կթվորուհի, ամուսինը՝ որպես հովիվ։
Պարզվել է՝ Անահիտի ամուսինը որոշել էր իրենց երեխային մանկատուն հանձնել։ Անահիտը դեմ էր, եւ ամուսնուց վրեժխնդիր լինելու համար որոշել էր այրել տանտիրոջ խոտը՝ հույսով, որ ամուսնուն կկասկածեն։
«Հետո փոշմանեցի, բայց արդեն չկարողացա կրակը հանգցնեմ։ Վերին աստիճան եմ զղջում»,- ասել է Անահիտը։
Հարուցվել է քրեական գործ։ Անահիտին ստորագրությամբ ազատ են արձակել։
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում։











