Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանից քիչ առաջ պատգարակով դուրս են բերել դերասան Վարդան Պետրոսյանին եւ տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դերասանը շատ վատ վիճակում է եղել, խիստ գունատ:

Վարդան Պետրոսյանի կինը՝ Անին, միայն հասցրել է համբուրել ամուսնուն. պատգարակի հետեւից Շտապօգնության մեքենա բարձրացած կնոջը թույլ չեն տվել խոսել ամուսնու հետ: Կինը հիշեցրել է, որ ինքը Ֆրանսիայի քաղաքացի է եւ սպասում է դեսպանատան աշխատակիցներին, բայց նրան իջեցրել են մեքենայից:

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողներին ասել է, որ դատարանը հուզական որոշում է կայացրել, առանց որեւէ իրավական հիմքի՝ պատճառաբանելով, որ դերասանը կյանքից զրկել է երկու երիտասարդներին իրենց ծաղկուն տարիքում: Փաստաբանը հայտնել է, որ բողոքարկելու են դատարանի որոշումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո որոշել էր կալանավորել Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված դերասան Վարդան Պետրոսյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել Վարդան Պետրոսյանին նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: