Արարատի մարզի Արարատ համայնքում ավարտվել են քաղաքապետի ընտրությունները: Ժամը 20-ի դրությամբ, արտահերթ ընտրությունների մասնակիցների թիվը, նախնական տվյալներով, կազմել է 8 հազար 931 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 67,57 տոկոսը (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 13 հազար 218): Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: (ֆոտոռեպորտաժ)

Այժմ քվեաթերթիկների հաշվարկն է ընթանում եւ առաջիկա ժամերին հայտնի կլինեն ընտրությունների նախնական արդյունքները:

Նշավան համայնքում ժամը 20.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 681 է կամ ընտրողների ընդհանուր թվի 43,63 տոկոսը (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 1561):

Նշենք, որ Արարատ քաղաքում առաջադրվել են ԲՀԿ-ից Սամվել Բարսեղյանը, ով աշխատում է «Արարատ ցեմենտ» գործարանում՝ որպես արտադրության պետ, ՀՀԿ-ից՝ Հայկ Հայկյանը:

Նշավանում եւս առաջադրվել էին երկու թեկնածու՝  ՀՀԿ-ից Պապ Հակոբյանը եւ անկուսակցական Մյասնիկ Հովհաննիսյանը:

Արարատում գործել է 7 տեղամաս, Նշավանում՝ մեկը: Դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմել է 6 հասարակական կազմակերպություն:

Նշենք, որ Արարատում, ժամը 17-ի դրությամբ, մասնակցել էին է 8 հազար 245 կամ ընտրողների 62.38 տոկոսը: