22-ամյա ֆրանսիացի Քեվին Չենայսն ԱՄՆ-ից չի կարողանում հայրենիք վերադառնալ 226 կիլոգրամ քաշի պատճառով: Բանն այն է, որ British Airways ավիաընկերությունը հրաժարվել է նրան ինքնաթիռ թողնել:
Երիտասարդը հորմոնալ խանգարումների բուժման նպատակով երկիր է ժամանել 18 ամիս առաջ ընտանիքի հետ միասին: Հետադարձ չվերթի ժամանակ Չիկագոյի օդանավակայանում նա այլեւս չի կարողացել գրանցվել: Ավիաընկերության ներկայացուցիչները հաղորդել են, որ նման միջոցառումներ են ձեռնարկել անվտանգության համակարգի պահանջներից ելնելով:
Ֆրանսիացի հյուրերը ստիպված են եղել տեղավորվել օդանավակայանին կից հյուրանոցում, հաղորդում է Life News-ը:
Քեվինի վիճակը պահանջում է մշտական խնամք ու բուժման անհապաղ շարունակություն: Չենայսների ընտանիքն արդեն տոմսեր է գնել մինչեւ Նյու-Յորք գնացքի համար: Այստեղից նրանք ծրագրել են Queen Mary II նավով հասնել Մեծ Բրիտանիա: Միակ բանը, որը կարող են նրանք ակնկալել՝ ավիաընկերության չօգտագործված տոմսի լիարժեք փոխհատուցումն է:
British Airways-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ուղեւորի անվտանգության ապահովման համար ինքնաթիռում ոչ մի հնարավորություն չեն հայտնաբերել:











