Նոյեմբերի 6-ից նախագահական նստավայրի դիմաց նստադուլ հայտարարած Աշոտ Խուդոյանն այսօր առավոտյան հացադուլ է սկսել և երեկոյան կարել է բերանը: Արմավիրի մարզի դատախազի կարգադրությամբ առավոտյան Բաղրամյան 26 էր եկել Էջմիածնի ոստիկանապետի տեղակալը՝ Աշոտ Խուդոյանին դատախազի հետ հանդիպման տանելու (ֆոտոռեպորտաժ):
Էջմիածնի քաղաքացուն դատախազը խոստացել է պատասխան տալ երկու օր անց՝ փաստաթղթերին ծանոթանալուց հետո:
«Ես ոչ մի դրական պատասխան էլ չեմ սպասում էդ մարդկանցից, ես պնդում եմ, որ Արմավիրի մարզից հանվի էդ քրեական գործը»,- ասաց Աշոտ Խուդոյանը NEWS.am-ի թղթակցին:
Աշոտ Խուդոյանը համաձայնել էր ոստիկանական մեքենայով Էջմիածին գնալ՝ պայմանով, որ իրեն հետ բերեն նստացույցի վայր, բայց նա Բաղրամյան 26 վերադարձել էր սեփական միջոցներով. ոստիկանները, նրա պատմելով, անհասկանալի պատճառներ էին բերել՝ չուղեկցելու համար:
«Ես իրանց էլ էդ պայմանն ասեցի, որ դուք լավ գիտեք, պարոն Սարգսյան, որ ես սոցիալապես անապահով վիճակի մեջ եմ: Ընենց չլինի գնանք էնտեղ, խաբեն չգան, խոչընդոտեն իմ նստացույցը: Իրենք խոստացան, որ կբերեն»:
Ժամը 23։00-ի սահմանում արդեն Աշոտ Խուդոյանը կարեց իր բերանը:
Հիշեցնենք, որ դատական անարդարությունների դեմ պայքարող Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը նոյեմբերի 6-ից հինգերորդ անգամ նստացույց է հայտարարել նախագահականի մոտ՝ այս անգամ իր հետ բերելով իր 4-ամյա դստերը: Նա նամակներ է ուղարկել նախագահին և գլխավոր դատախազին, նրանց հետ տեսակցություն խնդրել:
Քաղաքացին պահանջում է, որ բացահայտեն այն «հանցագործներին», որոնք, իր խոսքով, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էջմիածնի գրասենյակից գողացել են իր պապու կտակն ու կեղծել այն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











