Նոյեմբերի 12-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կրճատված դասախոսները պիկետ էին կազմակերպել եւ պահանջում էին, որ ռեկտոր Արա Ավետիսյանն իջնի բակ՝ հիմնավորելու, թե ինչու են իրենց աշխատանքից հեռացրել։

Հարցը ռեկտորատում քննարկելու ռեկտորի հրավերը նրանք մերժեցին։ Կրճատվածներին միացել էին նաև համալսարանի այլ դասախոսներ: «Քանի որ իրենք, ըստ էության, մեր կոլեկտիվի մասն են, մենք էլ հարկ համարեցինք, որ գնանք, մեր զորակցությունը հայտնենք իրենց»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանը՝ նշելով, որ իրենք պահանջում են ռեկտորի հրաժարականը։

Նրա կարծիքով՝ ռեկտորն այդպես փորձում է գումար տնտեսել՝ անտեսելով, որ դա կարող է ազդել ուսման որակի վրա. «Ինքն ամեն ձև փորձում է հնարավորինս քիչ գումար ծախսելով դասախոսական անձնակազմ պահել: Մեր մոտ հոսքեր կան, որտեղ ուսանողները լսարանում չեն տեղավորվում, կանգնած լեկցիա են լսում։  Իսկ դա իրեն չեն հուզում, իրեն հուզում է այն, որ դրսի աշխարհի մոտ իրեն դրսևորի որպես ինովատոր ռեկտոր»:

Ռեկտոր Արա Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց այս լուրը՝ նշելով, որ լսարանները փոքր չեն ուսանողների համար. «Եթե մի լսարան սխալ է ընտրված, նրանք կարող են դիմել համապատասխան բաժին, և իրենց կտրամադրվի մեծ լսարան»:

Ամբիոնի վարիչի խոսքով, կրճատումների հետևանքով առնվազն 34 դասախոս է զրկվել աշխատանքից։ Այս հարցում նույնպես ռեկտորի եւ ամբիոնի վարիչի տվյալները չեն համընկնում։ Արա Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կրճատվել են 15-ից ոչ ավելի դասախոսներ, այն էլ ամբիոնների վարիչների կողմից. «Դասը, ծանրաբեռնվածությունը բաշխողը ամբիոնի վարիչն է, ստացողը և աշխատելու համաձայնություն ստորագրողը՝ դասախոսը: Եթե ամբիոնն ունի 10 հաստիք ծանրաբեռնվածություն, նա կարող է դա անել 10 կամ ավելի դասախոսով»:

Ռեկտորի վարկածով՝ բողոքի պատճառն այն է, որ ոմանց դուր չի գալիս այն կարգապահությունը, որն ինքը հաստատել է իր աշխատանքի երկու տարվա ընթացքում: