Եվրոպական Հարեւանության տեղեկատվական կենտրոնը երկու նոր ֆոտոռեպորտաժներ է թողարկել Հայաստանում ու Մարոկկոյում Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ձեռքբերումների մասին: Տեսանյութերը պատմում են այդ երկրների տրանսպորտի բնագավառում առկա փոփոխությունների մասին: Այդ մասին է գրում Եվրոպական Հարեւանության տեղեկատվական կենտրոնի կայքը:
«Հայաստան. լավագույն մետրո, ավելի երջանիկ քաղաքացիներ» ֆոտոռեպորտաժը պատմում է Հայաստանում մետրոպոլիտենի համակարգի մասին, որն ավելի քան 30 տարի չէր վերականգնվում: Տեսագրությունը ցույց է տալիս երեւանյան մետրոպոլիտենի վերանորոգման աշխատանքների արդյունքները, որոնք համատեղ ֆինանսավորվել են Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի ու ԵՄ հարեւանության ներդրումային հիմնադրամի կողմից: Նախագծի արդյունքում ոչ միայն արդիականացել է մետրոյի համակարգը, այլ նաեւ բարելավվել է Երեւանի բնակիչների կյանքի որակը:











