Մտավորական Վարդան Պետրոսյանին պատժեցին «Ժառանգության» ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու համար: Այդ մասին հայտարարեց ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը նոյեմբերի 14-ին Ազատության հարապարակում ազատամարտիկների հավաքի ժամանակ` անդրադառնալով հոկտեմբերի 20-ին, Եղվարդ-Երեւան ճանապարհին տեղի ունեցած վթարից հետո Վարդան Պետրոսյանի կալանավորմանը:

«Այս ողբերգական առիթը ձեռքից բաց չթողեցին եւ փակեցին Վարդան Պետրոսյանին: Ի՞նչ կարիք կար կալանավորելու Վարդանին՝ չսպասելով քննության ավարտին: Նա այն մարդը չէր, որ խուսափեր պատասխանատվությունից: Այդ ողբերգությունը միայն կորուստ կրած ընտանիքինը չէ: Դա մի բեռ է, որ նա կրելու է իր խղճի վրա ամբողջ կյանքում, անկախ նրանից՝ նա ունի կոնկրետ մեղավորություն, թե ոչ»,- ասաց  Խաչիկ Ավետիսյանը:

Այս հայտարարությունից հետո հավաքվածները ծափահարեցին՝ բացականչելով՝ «ճիշտ է, նրան դրա համար բռնեցին»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո որոշել էր կալանավորել դերասան Վարդան Պետրոսյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Դերասանն այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»: