Արաբկիր և Քանաքեռ –Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ նոյեմբերի 15-ին բավարարեց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու քննիչի միջնորդությունը։

Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերները դրոշներով և պաստառներով հավաքվել էին դատարանի առջև՝ սատարելու իրենց ընկերոջը: Նրանք «Վոլոդյա, Վոլոդյա» բացականչություններով դիմավորեցին իրենց ընկերոջը, որին դատարան բերեցին ոստիկանական մեքենայով։

Վոլոդյա Ավետիսյանի գործով քննիչին նախօրեին ազատամարտիկները դիմավորել էին «անամոթ» բացականչություններով՝ մեղադրելով նրան անգործության մեջ. «Երկու ամիս էլ մի աշխատի, լավ կլինի»։

Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանն ասաց, որ իր պաշտպանյալի իրավունքները խախտվում են, քանի որ նրա մասնակցությամբ քննչական գործողություններ չեն կատարվում. «Նոր մեղադրանքն էլ նորից շինծու է, ինչպես առաջինը»։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է ևս մեկ մեղադրանք՝ խարդախության փորձ կատարելու համար: