Ոչնչացող կենդանատեսակների պահպանության գործը հարթել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ու Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի միջեւ անհամաձայնությունները։ Նոյեմբերի 15-ին նրանք Երեւանի կենդանաբանական այգում համագործակցության հուշագիր ստորագրեցին:

«Եթե նույնիսկ կան տեսակետների անհամաձայնություններ կամ եղել են ժամանակին, մենք ամեն ինչ մի կողմ ենք դրել և փորձում ենք համատեղել մեր ուժերը և իրականացնել նախագծեր՝ փրկելու ոչնչացող կենդանատեսակները», - ասաց Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ նշելով, որ եթե հրատապ նախաձեռնություններ չիրականացվեն, կորուստները կարող են անդառնալի լինել։

Բնության համաշխարհային հիմնադրամի օգնությամբ կիրականացվեն Հայաստանում վտանգված կենդանատեսակների՝ հայկական մուֆլոնի, անգղերի տեսակների, արջերի վերարտադրությանն ուղղված ծրագրեր:

Հիմնադրամի աջակցությամբ արդեն մեծացրել են հայկական մուֆլոնի ազատավանդակը։

«Մուֆլոնի ազատավանդակում այս պահին 28 հայկական մուֆլոն կա: Բազմացրել ենք 12 առանձնյակից: Այսինքն տարածք ապահովելու, զուգավորումը կազմակերպելուց հետո կարող ենք լուրջ արդյունքների հասնել»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Ռուբեն Խաչատրյանը։