Նախագահական նստավայրի մոտ ն մեկ շաբաթ նստացույց արած, ապա հացադուլ հայտարարած եւ բերանը կարած՝ Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը նոյեմբերի 15-ին դիմեց Մարդու իրավունքների պաշտպանին։
Նա բողոք ներկայացրեց իր նկատմամբ բռնություն գործադրած և նստացույցի ժամանակ իրեն բռնությամբ Էջմիածնի ոստիկանության բաժին տարած ոստիկանների դեմ:
«Ոստիկանները եկել են, խոչընդոտել, որ իմ բողոքը հասնի պատկան մարմիններին: Այն ոստիկաններն են եղել, որոնք մտել են իմ տուն, բռնի ուժով մտել և չափագրումներ են կատարել: Բողոքում եմ նաև, որ Էջմիածնի հիվանդանոցում իրավունք չունեին իմ նկատմամբ նման ձևակերպում տալ և ինձ հոգեբուժարան տանելու ուղեգիր տալ»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Աշոտ Խուդոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցը ընդունեց Խուդոյանի դիմումն ու ասաց, որ ծանոթանալուց հետո եռօրյա ժամկետում կպատասխանեն:
Հիշեցնենք, որ դատական անարդարությունների դեմ պայքարող Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը հինգերորդ անգամ էր նստացույց հայտարարել նախագահականի մոտ՝ այս անգամ իր հետ բերելով իր 4-ամյա դստերը: Նա նամակներ էր ուղարկել նախագահին և գլխավոր դատախազին՝ նրանց հետ տեսակցություն խնդրելով: Քաղաքացին պահանջում էր, որ բացահայտեն այն «հանցագործներին», որոնք, իր խոսքով, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էջմիածնի գրասենյակից գողացել են իր պապու կտակն ու կեղծել այն: Աշոտ Խուդոյանը կարել էր բերանը, որի հաջորդ առավոտյան շտապօգնության մեքենայով նրան ոստիկանները բռնի ուժով տարել էին Էջմիածնի հիվանդանոց, որտեղ ցանկացել էին նրա կամքին հակառակ քանդել կարերը: Նոյեմբերի 13-ին գլխավոր դատախազը ընդունել էր Աշոտ Խուդոյանին, խոստացել նոր քննություն նշանակել և անձամբ հետևել գործի քննությանը, որից հետո Խուդոյանը բերանի կարերը քանդել էր եւ գնացել տուն։











