Լեոնիդ Ազգալդյանի ջոկատում ծառայելու պատիվը ունենալու համար ամբողջ կյանքում պետք է սև բիծ չունենայիր, նույնիսկ պետք է չծխեիր ու չխմեիր։ Այս մասին նոյեմբերի 15-ին Արաբկիր և Քանաքեռ –Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի մոտ NEWS.am-ի թղթակցին ասաց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկեր Արտաշես Ահարոնյանը՝ նշելով, որ հակառակ դեպքում ոչ ոք չէր կարող կռվել Ազգալդյանի ջոկատում։
«Այդ ձևի մաքուր տղերք էր հավաքում նա, իսկ Վոլոդյա Ավետիսյանը նրա տեղակալն էր, պատկերացրեք՝ ինչքան մաքուր տղա է նա»,- ասաց ազատամարտիկը. «Միակ մարդն ա, որ ունի ֆրանսիական շքանշան։ Նույնիսկ ֆրանսիացիներն են այդ մարդուն գնահատել, իսկ Հայաստանը չի գնահատում իր ազգի զավակներին, հատկապես հերոսներին: Այ էս կառավարությունը իր ազգի հերոսներից շան նման վախենում է, որովհետև իրենց տակ լիքը կեղտ կա»:
Ազատամարտիկի խոսքով, Վոլոդյա Ավետիսյանին հերյուրանքով են մեղադրել. « Որ ոչ մեկ չկարողանա իրենց թալանի վրա ձեռքը դնի, ասի՝ հերիքա թալանեք: Որ իրենց ազգային հերոսներին ոչնչացնեն մեկը չկանգնի ասի՝ էս ինչ եք անում այ ուռոդներ, ազգի դավաճաններ...Եթե մեկը ազնիվ է, պետք է գնա նստի, իսկ եթե իրենք ամբողջ երկիրը թալանում են, երկիրը դարձնում են անապատ, բնակչությունից զրկում են, դա նորմալ է, այդպես էլ պիտի լինի»:
Ազատամարտիկ Լևոն Կարապետյանն ասաց, որ իրենք շարունակելու են պայքարել ազատամարտիկների սոցիալական հարցերի լուծման և Վոլոդյա Ավետիսյանին դուրս բերելու համար, իսկ Վոլոդյա Ավետիսյանին նստեցնողը ինքը ճաղերի հետևում կհայտնվի. «Անբասիր մաքուր հոգի անձնավորություն էր. անտեսելով իր բազմանդամ ընտանիքը եկավ իր հայրենիքը պաշտպանելու: Որպեսզի ազատամարտիկների սոցիալական հարցերը չլուծեն, ստիպված Վոլոդյա Ավետիսյանին մեկուսացրին շարժումից և շինծու մեղադրանքներ առաջադրեցին»։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Արաբկիր և Քանաքեռ –Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ նոյեմբերի 15-ին, բավարարեց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու քննիչի միջնորդությունը։ Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է ևս մեկ մեղադրանք՝ խարդախության փորձ կատարելու համար:











