Դավիթաշենի 2-րդ թաղամասում եւ Փափազյա փողոցում «Տոնուս» ՍՊԸ-ի կառուցած շենքերի խաբված բնականատերերը նոյեմբերի 16-ին, ժամը 11:00-ից հավաքվել էին Սայաթ Նովա փողոցում գտնվող «Արցախբանկի» Նաիրիի մասնաճյուղի մոտ:

Բնակատերերից 4-ը մտել էին բանկ՝ իրենց խնդրի լուծման շուրջ բանակցություններ վարելու բանկի կառավարիչի հետ։

«Պայմանագիր ենք կնքել «Տունուս» ընկերության հետ, բայց իրականում ինքը մեզ խաբել է: Արդեն 10 տարի է՝ բնակվում եմ Հայաստանում, բայց չգիտեի, որ այստեղ այդքան ահավոր բաներ կան: Հիմա եմ իմանում։ Ես շատ հայրենասեր էի, բայց հիմա չէ, հիասթափվել եմ և ոչ մի սփյուռքահայի խորհուրդ չեմ տա, որ գա այստեղ»,- NEWS.am-ին ասաց խաբված բնակարանատերերից իրանահայ Թալին Մկրտչյանը:

Բնակիչների կարծիքով՝ 150 ընտանիքների կողոպտած Աշոտ Տոնոյանի սնանկությունը կեղծիք է, ու նա իր ունեցվածքը հարազատների անունով է գրանցել:

Երկու ժամից ավելի տևած բանակցություններից հետո չորս բնակարանատերերը դուրս եկան բանկից ու հայտնեցին, որ իրենք 3 կետից բաղկացած առաջարկ են ներկայացրել բանկի ղեկավարությանը, բանակցել են կետերի շուրջ, բանկում խոստացել են մյուս շաբաթվա վերջին ներկայացնել իրենց որոշումը:

Բնակիչների առաջարկել են հետեւյալ տարբերակները. յուրաքանչյուր քառակուսի մետրի համար բնակարանատերերն ավելացնում են  50 դոլար (նրանք «Տոնուսին» ժամանակին քառակուի մետրի համար վճարել են 400-600 դոլար), շենքն ավարտին հասցնել ու հանձնել բնակարանատերերին, երկրորդ տարբերակով բնակիչները բանկին առաջարկել են 850 դոլարով գնել իրենց բոլոր բնակարանները (քանի որ բանկն առաջարկել էր բնակարանատերերին գումար ավելացնել՝ ք/մ-ի գինը հասցնելով  900 դոլարի, բնակիչները բանկին առաջարկում են իրենց սահմանած գնից 50 դոլարով պակաս ձեռք բերել իրենց բանկարանները), երրորդ տարբերակով բնակարանատերերը բանկին առաջարկում են վերադարձնել իրենց վճարած ամբողջ գումարը և տոկոսագումարները:

 «Իրենք իրենց առաջարկն արել են, մնում է՝ մեր առաջարկները քննարկեն, մեզ պատասխանեն»,-ասաց Հայկ Միքայելյանը:

Տուժած բնակարանատեր Զոյա Պետրոսյանը ասաց, որ 8 տարի խաբվելուց հետո 50 դոլար վճարելը էլի որոշ չափով ընդունելի տարբերակ է. «Մարդիկ կընկնեն, պարտք կանեն, բարեկամից հարազատից, հարևանից կհավաքեն իրար գլխի, կբերեն կտան, որ վերջնական այդ շենքը սարքվի»:

Բնակարանատերերի խոսքով, ծայրահեղ դեպքում իրենք կմտնեն քանդած շենքը. «Ուզում եք ՕՄՕՆ լցրեք, ուզում եք՝ սպեցը լցրեք, ինչ ուզում եք արեք, եթե արյուն եք ուզում, մարդասպանություն եք ուզում, կստանաք»,- ասաց Զոյա Պետրոսյանը։

Նոյեմբերի 14-ին բնակարանատերերը հուսահատ քայլի էին դիմել՝ ներխուժելով «Արցախբանկի» Նաիրիիի մասնաճյուղ։ 

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշն»-ը սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն: Բնակարանատերերի խոսքով՝ Տոնոյանն այժմ Վրաստանում զբաղվում է բիզնեսով։ Նրանք չեն հավատում, որ «Արցախբանկը» տեղյակ չի եղել Տոնոյանի խարդախություններին։