Սան-Ֆրանցիսկոյի 5-ամյա բնակիչը վերածվել է իր սիրելի սուպերհերոսի՝ Բեթմենի, ընդ որում նրան օգնել են քաղաքի հազարավոր բնակիչներ:

Լեյկեմիայով հիվանդ տղան քաղաքը փրկել է չարագործներից: Ահազանգը հնչել է վաղ առավոտյան: Ոստիկանության կոմիսարը հաղորդել է. «Քաղաքը հերոսի կարիք ունի»: Այնուհետ Բեթմենը օգնության է շտապել: Մի քանի ժամով Սան-Ֆրանցիսկոն վերածվել է Գոթեմ-սիթիի՝ չղջիկ-մարդու մասին կոմիքսի մտացածին քաղաքի, գրում է «Vesti.ru»-ն:

Ու ամենը հանուն երեխայի երազանքի: Հնգամյա Մայլզը պայքարում է ծանր հիվանդության՝ լեյկեմիայի դեմ: Նրան յուրահատուկ շանս է տրամադրվել պայքարել հանցավորության դեմ, թեկուզեւ մտացածին: Երեխայի ծնողների խոսքով՝ ամենից շատ նա ցանկանում էր դառնալ իսկական սուպերհերոսի օգնական: Երազանքի իրականացումն իրենց վրա են վերցրել բարեգործական հիմնադրամն ու քաղաքապետարանը՝ կազմակերպելով Սան-Ֆրանցիսկոյի պատմության մեջ ամենամեծ թատերական բեմականացումը:

Ծրագրում ընդգրկված էր երթեւեկություն Բեթմենի մեքենայով, ճոպանից ճանապարհի վրա մնացած աղջկա փրկություն ու, իհարկե, պայքար Գոթեմի չարագործի հետ. պինգվինի, որը տանիքում էր պահում բեյսբոլի ակումբի առեւանգված խորհրդանիշին, ու սադրիչ Ռիդլերի հետ, որին կրտսեր Բեթմենը բանտ ուղարկեց: Հերոս տղային ծափահարում էին հազարավոր երկրպագուներ: